11.05.2019 13:58

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաջին քայլը. «Առավոտ»

Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաջին քայլը. «Առավոտ»

Մաս 1

Զինադադարի հաստատումից անցել է 25 տարի

Մայիսյան այս օրերին լրանում է ղարաբաղյան պատերազմում կնքված Զինադադարի 25-ամյակը: Վերջին ամիսներին այս փաստաթուղթը սկսել է ավելի ու ավելի հաճախ հիշատակվել: Հայաստանի ներկայիս իշխանությունները երբեմն քննադատվում են այն պատճառով, որ կարծես, մոռացության էին մատնել այս կարեւոր փաստաթուղթը, որը ստորագրել էին Արցախը, Հայաստանն ու Ադրբեջանը: Իսկ որ այդ փաստաթուղթը հայկական կողմը որպես հաղթաթուղթ կարող է օգտագործել Ալիեւի բանակցություններում՝ միանշանակ է:

Վերհիշենք, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում եւ ինչպես է կնքվել Զինադադարի փաստաթուղթը: 1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ձեռքբերումներով:

 1994թ. մայիսին մեծ դժվարությամբ հաստատված ու տարիներ շարունակ բացառապես հակամարտող կողմերի դրսեւորած քաղաքական կամքի շնորհիվ պահպանված զինադադարը, բոլորի համար էլ պարզ է, որ փխրուն էր, քանի դեռ կար ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը: Ի վերջո, ունեցանք 2016թ. ապրիլյան պատերազմական գործողություններ, այսօր էլ այդպիսի գործողությունների վերսկսումը, նույնիսկ լայնածավալ պատերազմի բռնկումը շատերը չեն բացառում:

Մայիսի 12-ին կլրանա ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 25 տարին: Ինտենսիվ մարտերի եւ հարաբերական անդորրի հաջորդական փուլեր անցած ծանր պատերազմը անդառնալի կորուստներ եւ բազում տառապանքներ էր պատճառել կողմերին, հյուծել էր հակամարտող կողմերի մարդկային եւ տնտեսական ուժերը: Հայտնի է, սակայն, որ Ադրբեջանը տեւական ժամանակ ընդդիմանում էր զինադադարի հաստատմանը, եւ հասկանալի է, թե ինչու` տարածքային զգալի կորուստներ կրած կողմի համար զինադադարի ամրագրումը նշանակում էր տարածքային կորուստների «լեգիտիմացում»:

1993թ. դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի սանձազերծած եւ մինչեւ 1994թ. գարուն շարունակվող ռազմական գործողություններում ադրբեջանական զինված ուժերի պարտությունները հօդս ցնդեցրին ռազմական ճանապարհով իրավիճակը իրենց օգտին փոխելու հույսերը: Բաքուն հարկադրված էր համաձայնել զինադադարին:

Հարկ է ընդգծել, որ 1994թ. հայկական կողմի համար զինադադարը հաստատվել է անվիճելի ձեռքբերումներով՝ Արցախը ոչ միայն ազատագրվեց, այլեւ նրա շուրջը ստեղծվեց հուսալի անվտանգության գոտի: Նորանկախ Հայաստանի ղեկավարությանը, որը կողմնակից էր ռազմական գործողությունների դադարեցմանը եւ զինադադարի հաստատմանը՝ հաջողվեց ռազմական հաջողություններն ամրապնդել դիվանագիտական հաջողություններով:

Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության մեջ 1994թ. նշանակալի տարի է եղել: Ադրբեջանական զորքերը ռազմաճակատի ամբողջ երկայնքով անընդմեջ հարձակումներ էին գործում: Հայկական բանակի ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում էին: Հաշվի չառնելով կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստները՝ ադրբեջանական բանակի հրամանատարությունը նոր գրոհներ էր ձեռնարկում: Նկատենք, որ մինչեւ 1994թ. հունվարը ներկայացվել էին խաղաղության հաստատման նախաձեռնություններ թե՛ ԵԱՀԽ-ի (այժմ` ԵԱՀԿ), թե՛ Ռուսաստանի կողմից, եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր անում համախմբել ջանքերը եւ հույս հայտնում, որ ժամանակի հետ դրանք կմիահյուսվեն, քանի որ ոչ թե հակասում, այլ` լրացնում են իրար:

Թեեւ ԵԱՀԽ-ի եւ Ռուսաստանի պլանները բազմաթիվ հարցերում համընկնում էին, սակայն ունեին էական տարբերություն՝ ռուսական նախաձեռնությունում առկա էր խաղաղարար ուժեր տեղաբաշխելու հարցը՝ որպես ռազմական գործողությունները չվերսկսելու երաշխիք: Հատկանշական է, որ ԼՂՀ-ն եւ ՀՀ-ն համաձայնել են այդ երկու պլաններին, իսկ Ադրբեջանը մերժել է դրանք: Սա հաստատել է նաեւ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 1994թ. հունվարի 10-ին ռուսաստանյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում. «Մասնակցում ենք բոլոր խաղաղարար ձեռնարկումներին, որոնք առաջարկվում են ԵԱՀԽ-ի կամ ՌԴ-ի կողմից, ոչ մի անգամ ղարաբաղյան կողմը չի հրաժարվել բանակցություններին մասնակցելուց», «հիմա ճիշտ կլիներ սառեցնել պատերազմը, եթե անհրաժեշտ է` մտցնել բաժանարար ուժեր, որոնք պարզապես կկանգնեցնեին մարտնչող կողմերին, եւ ընթանային բանակցություններ կարգավիճակի, փոխհարաբերությունների շուրջ, գտնվեին փոխընդունելի որոշումներ, Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագրային հարաբերություններ»:

Պատերազմական գործողությունների շարունակման պատճառով թե՛ հայաստանցիները, թե՛ արցախցիները լարել էին իրենց ուժերը: Ղարաբաղյան ուժերը կասեցնում են ադրբեջանցիների հարձակումները: Երկու կողմերն էլ ծանր կորուստներ են կրում: Այդ օրերին Եվրամիության նախագահը դիմում է Ադրբեջանին եւ մտահոգություն հայտնում հակամարտության ընդլայնման վտանգի առիթով: Նա կողմերին կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, կատարել ՄԱԿ-ի բանաձեւի պահանջները եւ վերսկսել բանակցությունները ԵԱՀԽ Մինսկի խմբի շրջանակներում:

1994թ. հունվարի 28-ին Երեւան է ժամանում ՌԴ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Օդանավակայանում ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ բանակցություններից հետո նա անմիջապես մեկնում է Ստեփանակերտ: Ստեփանակերտում Կազիմիրովի գտնվելու պահին ադրբեջանական օդուժը խախտում է ԼՂՀ օդային տարածքը: Վերադառնալով Երեւան՝ Վլադիմիր Կազիմիրովը Դավիթ Շահնազարյանի, ԱԳ նախարար Վահան Փափազյանի, այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկում է կարգավորման ռուսական նախաձեռնությունը, որի իմաստը փետրվարի 1-ից ռազմական գործողությունների դադարեցումն է: Հայկական կողմերի պատասխանը դրական է, իսկ պաշտոնական Բաքուն նախապայման է դնում. «Եթե Հայաստանը պարտավորվի իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա մենք մեր հերթին պատրաստ ենք անհապաղ ձեռնամուխ լինել բանակցությունների եւ համաձայնագիր ստորագրել» (Ադրբեջանի ԱԳ նախարար Հ.Հասանով): Անզիջում կեցվածք է արտահայտում նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գծով պետնախարար Վ.Գուլուզադեն. «Ադրբեջանական կողմը մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի դեռ հանրապետության տարածքը զավթված է հայկական ուժերի կողմից»:

Այսպիսով, Վ. Կազիմիրովի հունվարյան առաքելությունը տապալվում է ադրբեջանական կողմի մեղքով: Դա արձանագրում է Դավիթ Շահնազարյանը՝ տարածած հայտարարությունում: «Ադրբեջանը հերթական անգամ ձախողեց ԼՂ-ում ժամանակավոր եւ համընդհանուր հրադադար հաստատելու Ռուսաստանի նորացված նախաձեռնությունն այնպես, ինչպես որ Բաքվի կողմից մերժվել էին ԵԱՀԽ-ի խաղաղարար ջանքերը», – ամրագրվում է հայտարարությունում եւ արվում տրամաբանական եզրակացություն՝ «Ադրբեջանը փնտրում է ղարաբաղյան հարցի բացառապես ռազմական լուծում»:

1994թ. փետրվարի 8-ին պաշտոնական այցով Լոնդոն ժամանած Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ կարգավորման փոխզիջումային տարբերակն ավելի իրական է, սակայն առկա հոգեբանական պայմաններում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմը պատրաստ չէ փոխզիջման, եւ մինչեւ չավարտվի պատերազմը՝ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ վեճերը է՛լ ավելի կխորացնեն զինված հակամարտությունը: Նա նաեւ հաստատում է ադրբեջանական բանակում հազարավոր աֆղան մոջահեդների, նախկին խորհրդային օդաչուների, տանկիստների, թուրք ռազմական խորհրդականների ու սպաների առկայությունը ղարաբաղյան պատերազմում:

Փետրվարի 18-ին ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվում են բանակցություններ` նոր ծրագրի շուրջ, որոնց մասնակցում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովը, ԼՂ բանակի ներկայացուցիչ Բ. Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը եւ Վ. Կազիմիրովը: Ձեռք է բերվում քառակողմ պայմանավորվածություն (Հայաստան, ԼՂ, Ադրբեջան, ՌԴ), ըստ որի՝ մարտի 1-ին ծրագրվում է զինադադարի հաստատում, կողմերի տարանջատում, բոլոր «օտարերկրյա զորքերի» եւ վարձկանների դուրսբերում հակամարտության գոտուց, պատանդների եւ ռազմագերիների փոխանակում:

Ձեռք բերված համաձայնությունից օրեր անց նախ Երեւան, ապա Բաքու են ժամանում Վ. Կազիմիրովը եւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատեւը` հայաստանյան ղեկավարության հետ մոսկովյան արձանագրությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Հայկական կողմը կրկին խաղաղասիրաբար է տրամադրված եւ համաձայնություն է հայտնում մարտի 1-ից հրադադար հաստատելու առնչությամբ, իսկ ադրբեջանական կողմի վերաբերմունքը դարձյալ բացասական է, մասնավորապես` խաղաղարար ուժերի տեղակայման հարցում: Իսկ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ «կրակը թեժ պահելու» գործելաոճին. մարտի 1-ին գնդակոծվում են ոչ միայն ղարաբաղյան դիրքերը, այլեւ զինված բախումներ են հրահրվում Հայաստանի հյուսիսարեւելյան սահմաններում: Մոսկվայի հովանու ներքո ընթացող բանակցությունները մտնում են փակուղի: 

Մաս 2

Ադրբեջանի իշխանությունների համար ծանր էր համաձայնել զինադադարին 

 

1994թ. գարնանից ակտիվանում է Մինսկի խումբը: Մարտի սկզբին ԵԱՀԽ ՄԽ պատվիրակությունը՝ Յան Էլիասոնի գլխավորությամբ, ժամանում է նախ Բաքու, ապա Ստեփանակերտ եւ Երեւան: Հայկական կողմերը շեշտում են, որ խաղաղարար ջանքերը առավել արդյունավետ կլինեն, եթե միջնորդական նախաձեռնությունները ներառվեն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԽ շրջանակներում, հանդես գան համադրված` խաղաղարար մեկ պլանով: Յ. Էլիասոնը պատրաստակամություն է հայտնում աշխուժացնել ՄԽ-ի գործընթացը, հակասություն չի տեսնում ՌԴ-ի եւ ԵԱՀԽ-ի խաղաղարար ջանքերի միջեւ:

Մարտի 9-ին ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացված դռնփակ քննարկման արդյունքում խոր անհանգստություն է արտահայտվում հակամարտության շարունակման եւ լարվածության պահպանման առնչությամբ: 1994թ. մարտի վերջին Մոսկվայում, Վ. Կազիմիրովի միջնորդությամբ, բանակցություններ են կայանում ԼՂՀ, ՀՀ եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Ընդ որում, առաջին անգամ դրանց մասնակցում են ԵԱՀԽ ՄԽ նախագահի տեղակալ Մաթիաս Մոսբերգը, ԵԱՀԽ դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ Ավանտե Բերգը: Վ. Կազիմիրովը ներկայացնում է համաձայնագրի նախագիծը, որով նախատեսվում էր վերջին պատերազմական գործողությունների ընթացքում գրավված որոշ տարածքների ազատում, նաեւ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ շրջափակման վերացում: Որոշվում է կողմերի առաջարկությունների փաստաթուղթը ուղարկել Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի իշխանություններին: Ռուսաստանը ձգտում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը եւ, դրան միջազգային հնչեղություն հաղորդելու նպատակով, միջնորդական գործունեության մեջ ներգրավում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին:

Մարտի 31-ին տարածաշրջան է ժամանում հատուկ այդ նպատակով ստեղծված ԱՊՀ ՄԽԽՎ պատվիրակությունը՝ Ղրղըզստանի խորհրդարանի նախագահ Մ. Շերիմկուլովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաեւ Վ. Կազիմիրովը: Հայաստանը եւ ԼՂՀ-ն փորձում են կայուն երաշխիքներ ստեղծել զինադադարի հաստատման համար եւ որպես այդպիսին դիտում բաժանարար ուժերի եւ դիտորդների տեղաբաշխումը ետքաշումից հետո առաջացած գոտում, եւ միայն այս հարցերի լուծումից հետո ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների ծավալում, ընդ որում՝ ԼՂ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի, մասնակցությամբ:

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի ապրիլի 15-ին ընդունած հայտարարությունում կոչ է արվում միջազգային հանրությանը, ԵԱՀԽ-ին եւ ՄԱԿ-ին` աջակցել նաեւ հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՊՀ ջանքերին: Սակայն այդ գագաթաժողովում Հ. Ալիեւը չի համաձայնում Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ ստորագրել խաղաղություն երաշխավորող փաստաթուղթ: Օրեր անց Հ.Հասանովը պարզաբանում է. նա ռուսաստանյան ծրագիրը անվանում է հայկական կողմի համար ձեռնտու՝ «նրանում բացակայում է մեզ համար սկզբունքային մի հարց, այն է` գրավված Լաչինի շրջանի եւ Շուշի քաղաքի ազատագրումը»: Ադրբեջանցի դիվանագետը ոչ դիվանագիտորեն նաեւ հավելում է. «Տպավորություն է ստեղծվում, որ այն մշակվել է Երեւանում»: ՌԴ ակտիվությունը հակակշռելուն ուղղված քայլով է հանդես գալիս ԱՄՆ-ը. 1994թ. մարտի 31-ին հրապարակվում է ԱՄՆ 29 սենատորների դիմումը Բիլ Քլինթոնին, որով սենատորները հորդորում են ԱՄՆ-ի նախագահին` արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Այս դաժան պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը անասելի կորուստներ է կրել, սակայն նախագահ Տեր-Պետրոսյանի կառավարությունը հաստատակամ է ժողովրդավարության իդեալների եւ սկզբունքների դիրքորոշման մեջ»: Ապրիլին Ստոկհոլմում հանդիպում են Վ.Կազիմիրովն ու Յ. Էլիասոնը եւ պայմանավորվում ՄԱԿ-ի եւ ԵԱՀԽ-ի միջնորդական առաքելության միջեւ կապերը պահպանելու վերաբերյալ: 

Ապրիլի վերջին Մոսկվա է ժամանում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիեւը: Պ. Գրաչովը հավաստում է, թե Ադրբեջանը պատրաստ է ապրիլի լույս 28-ի գիշերը հակամարտության գոտում դադարեցնել կրակը, եթե նույնպիսի որոշում ընդունի Հայաստանը: Գրաչովը հատուկ դեր է վերապահում ԱՊՀ եւ ԵԱՀԽ դիտորդներին եւ նշում, թե Ադրբեջանը համաձայնել է կողմերի շփման գծում ռուսական զորքեր մտցնելու առաջարկին: Այս պլանի կապակցությամբ ղարաբաղյան կողմի պատասխանը, որ հղվում է ՌԴ պաշտպանության եւ ԱԳ նախարարներին, ստորագրում են ԼՂՀ ԱԳ նախարար Արկադի Ղուկասյանը եւ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հավաստելով Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ զինված հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց պատրաստակամությունը՝ նրանք համաձայնում են ապրիլի 29-ի ժամը 00.01-ից ապահովել լիակատար զինադադարը եւ ռազմական գործողությունների դադարեցումը` հիմնվելով փետրվարի 18-ի քառակողմ արձանագրության վրա: Սակայն ԼՂՀ պատասխանատուները գտնում են, որ ժամանակավոր դադարը ադրբեջանական կողմը կօգտագործի նոր լայնամասշտաբ հարձակման նախապատրաստման համար, եւ համոզմունք հայտնում, որ նախատեսված ռազմատեխնիկական միջոցառումների ամբողջ համալիրի իրագործումը միայն կարող է երաշխավորել հաշտության անշրջելիությունը:

Մայիսի սկզբին Բիշքեկ են ժամանում Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները, որտեղ սկսվում են բանակցություններ` ԱՊՀ ՄԽԽՎ խորհրդի նախագահ Վ. Շումեյկոյի եւ խաղաղարար խմբի ղեկավար Մ. Շերիմկուլովի, ԱՊՀ ՄԽԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար Մ. Կրոտովի մասնակցությամբ: Մայիսի 5-ին ստորագրվում է «բիշքեկյան արձանագրությունը», որով խորհրդարանականները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը հակամարտության գոտում (Հայաստանի կողմից` Բ. Արարքցյանը, ԼՂՀ կողմից` Կ. Բաբուրյանը, ՌԴ կողմից` Վ. Շումեյկոն, Ղրղըզստանի կողմից` Մ. Շերիմկուլովը, նաեւ՝ Վ. Կազիմիրովը եւ Մ. Կրոտովը): Սակայն Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ա. Ջալիլովը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը եւ վերադառնում է Ադրբեջան: Բաքու է մեկնում Վ.Կազիմիրովը, եւ մայիսի 8-ին Ռ.Գուլիեւը տեղեկացնում է, որ Ադրբեջանը եւս միանում է «բիշքեկյան արձանագրությանը»:

Այնուհետեւ երեք երկրների իրավասու մարմինները պարտավորվում են` դադարեցնել կրակը 1994թ. մայիսի 12-ից` հիմնվելով փետրվարի 18-ի արձանագրության վրա եւ ամենաինտենսիվ աշխատանքով մոտակա օրերին այն ամրապնդել հուսալի, իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրմամբ, որը կնախատեսի ռազմական ու թշնամական գործողություններ չվերսկսելն ապահովող մեխանիզմ, զորքերի դուրսբերումը զբաղեցրած տարածքներից եւ հաղորդակցության վերականգնումը, փախստականների վերադարձը, բանակցությունների գործընթացի շարունակումը:

1994թ. մայիսի 16-17-ը Մոսկվայում Պ. Գրաչովի միջնորդությամբ մեկնարկում են քառակողմ բանակցություններ հակամարտության երեք կողմերի ռազմական գերատեսչությունների ղեկավարների միջեւ: Հայաստանից մասնակցում են` Դ. Շահնազարյանը, Ս. Սարգսյանը, ԼՂ-ից` Ս. Բաբայանը, Ադրբեջանից` Մ. Մամեդովը: Բանակցություններն ընթանում են ԶԼՄ-ների մի քանի տասնյակ ներկայացուցիչների ուշադրության ներքո: Բանակցող կողմերը համաձայնություն են ձեռք բերում զինադադար հաստատելու մասին, սակայն շփման գոտում խաղաղարարների տեղակայման մասին ամփոփիչ արձանագրություն ստորագրելու հարցում բանակցություններն ընդհատվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի՝ Բաքու վերադառնալու պատճառով՝ նա հայտնում է, որ հրադադարից զատ այլ փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չունի եւ պետք է խորհրդակցի երկրի նախագահի հետ: Ադրբեջանը անմիջապես պարզաբանում է՝ ադրբեջանական կողմը մտադիր է հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցություններ վարել միայն ԵԱՀԽ-ի շրջանակներում, իսկ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղարարների տեղաբաշխման մասին խոսք չի կարող լինել:

Ըստ որոշ աղբյուրների` այդ գիշեր շտապ Բաքու է ժամանում ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը՝ պետքարտուղարի հատուկ խորհրդական Ջեյմս Քոլինզի եւ ԵԱՀԽ ՄԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոզեֆ Փրեսելի գլխավորությամբ, եւ Հ. Ալիեւը չի համաձայնում հակամարտության գոտում ռուսական զորքեր տեղաբաշխելու Պ.Գրաչովի առաջարկին:

Նույն օրերին Վ. Կազիմիրովը եւ Յ. Էլիասոնը համատեղ հայտարարությամբ կարեւորում են կողմերի պայմանավորվածությունը եւ առաջարկում են համաձայնագիր կնքել զինադադարն ամրապնդելու նպատակով: Նրանք փաստում են, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել վերջնական խաղաղությանը եւ կոչ են անում նրանց՝ «ձեռքից բաց չթողնել այս հնարավորությունը»: Հուլիսի 27-ին տեղի է ունենում մեկ այլ նշանակալի իրադարձություն. Հայաստանի, ԼՂ-ի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Ս. Սարգսյանը, Ս.Բաբայանը, Մ. Մամեդովը հանդիպում են առանց միջնորդների, իսկ արդյունքում` ստորագրվում է համաձայնագիր, որով վերահաստատվում եւ իրավական բնույթ է ստանում կրակի դադարեցման մասին մայիսի 12-ի համաձայնությունը, եւ կողմերը պարտավորվում են չխախտել այն ու ակտիվացնել բանակցային գործընթացը: Համաձայնագիրը ուղարկվում է Պ.Գրաչովին, Ա.Կոզիրեւին, Վ.Կազիմիրովին, Յ. Էլիասոնին: Վ. Կազիմիրովն ու Յ. Էլիասոնը անմիջապես հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ եւ ողջունում համաձայնագրի ստորագրումը: Իսկ 1994թ. օգոստոսի 9-ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնի համատեղ հայտարարության մեջ հուլիսի 27-ի եռակողմ համաձայնագիրը բնութագրվում է որպես «իրական հնարավորություն տարածաշրջանում խաղաղության հասնելու համար»:

Սեպտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը եւ Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը Մոսկվայում քննարկում են ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրները եւ զինադադարը պահպանելու եւ ամրապնդելու, բանակցային գործընթացին լրացուցիչ թափ հաղորդելու հաստատակամություն են հայտնում: Լ. Տեր-Պետրոսյանը Մոսկվա էր հրավիրել նաեւ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանին, որտեղ եւ կազմակերպում է վերջինիս առանձնազրույցը Ալիեւի հետ: Հայտնի է նաեւ այն, որ 1994թ. ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանի օգնությամբ տեղի է ունեցել Քոչարյան-Ալիեւ երկու հանդիպում: Պատերազմում պարտություն կրած եւ տարածքներ կորցրած Ադրբեջանի իշխանությունների համար ծանր էր զինադադարին համաձայնելը, քանզի այն անորոշ ժամանակով ամրագրում էր հաստատված status quo-ն: Ադրբեջանի ղեկավարության համար զինադադարի ստորագրումը համազոր էր պարտության ամրագրման: Բարդ էր խոստովանել նաեւ, որ իբրեւ հավասարը հավասարի բանակցությունների սեղանի շուրջ են նստել եւ համաձայնության եկել «անջատողական» եւ «ծայրահեղական» ԼՂ-ի հետ: Ադրբեջանական հասարակությունը կիսվել էր խաղաղության եւ պատերազմի կողմնակիցների. ընդդիմությունը զինադադարը որակում էր որպես Ադրբեջանի կապիտուլյացիա, Ռուսաստանին մեղադրում հայանպաստ դիրքորոշման, Հայաստանի «կայսերական նկրտումներին» տուրք տալու մեջ:

Որպես հիմնական փաստարկ ընդդիմությունը բերում էր Լաչինի եւ Շուշիի մասին կետերի բացակայությունը, որը նշանակում էր` այդ տարածքների զիջումը Հայաստանին:

Այսպիսով, 1994-ին զինադադարի հաստատումը տեղի ունեցավ Հայաստանի եւ ԼՂ-ի համար խիստ շահեկան պայմաններում, քանի որ հաջողվեց ղարաբաղյան պատերազմում ձեռք բերած ռազմական հաջողություններն ամրագրել նաեւ դիվանագիտական ճանապարհով:

Զինադադարի կնքումից 25 տարի անց, այսօրվա իշխանությունը, որը Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցում է «սեփական օրակարգով», արձանագրում է, որ մեծ է պատերազմի բռնկման վտանգը:

Մայիսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, այո, վերջին շրջանում, վերջին երկու ամսում դեպքերի, որոշ օրերին լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, կայունությունը եւ հանդարտությունը պահպանվում է։ Մենք հիմա հետեւյալ իրավիճակի մեջ ենք. հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, եւ հիմա, ես այս շրջանում փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում, ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, ինչպես միշտ այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչու է կատարվում»: Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունացել իրավիճակը:

Նկատենք, որ օրերս հնարավոր պատերազմի հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես «բավականին բարձր» է գնահատել։

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ