11.05.2019 20:04

Արսեն Գրիգորյան. «Բորենիները»

Արսեն Գրիգորյան. «Բորենիները»

Բորենին հրեշտակ է, սակայն սարսափելի է, երբ նա մարդ է: Մարդու բորենին դարանակալում է ոչ միայն ընդդեմ ուրիշի: Մարդու բորենին կրծում է իր ներսը, իսկական բորենին ինքնավնասմամբ չի զբաղվում:

Պատկերացնու՞մ եք էդ մարդկանց վիճակը՝ սպասում են, թե որտեղ է սխալվելու Փաշինյանը: Աջ ու ձախ գրում են՝ ասուլիսում ճիշտ չի ներկայացնում արտահանման թվերը, Քոչարյանի դատավարության տակից դուրս չի գալու: Բացարձակապես գլխի չեն ընկնում, թե ինչ հարց է լուծում էդ մարդը: Էդ մարդը լուծում է առաջնորդի՝ բաց դեմքով սխալական լինելու հարցը: Որպեսզի հաջորդը պատերի տակ չփորձի ճշմարիտ լինել, իր ընտրողներից փախչելով տպավորություն չստեղծի, թե բարձունքներում է ու մենք էլ հպատակ: Ես չգիտեմ, թե այս իրավիճակը ինչքան կշարունակվի, բայց նա անում է քայլեր, որպեսզի ինքն էլ նահանջի տեղ չունենա: Այսինքն, իրենից հետո եկողը երկիրը նորից հետ չշպրտի՝ ինչ է, թե Ղարաբաղի հարց չի լուծվում կամ Թուրքիան չի վերացնում շրջափակումը: Նա ձեզ զրկում է արդարացումներից: Ու դրա հետ չեք հաշտվում: Նախ Քոչարյանին դատողն ինքը չէ: Եվ նույնիսկ ժողովուրդը չէ, այլ՝ արդարադատությունը:

Ի՞նչ է տեղի ունեցել: Ինչու՞ են Ղարաբաղի իշխանություններից մինչեւ Դաշնակցություն ու Վազգեն Մանուկյան սպասում, որ այս մարդը սայթաքի: Հեծանիվ է վարել քաղաքի փողոցներով: Դա ի՞նչ թեմա է: Ինչ-որ մեկն էլ նրան դատի է տալիս (բռնվեք-Ա. Գ.) Սահմանադրության հոդվածի հիման վրա՝ իրեն անվանել են չքաղաքացի խախտելով Սահմանադրության 3-րդ հոդվածի առաջին կետը:

Հոդված են գրել՝ Փաշինյանը չխոսեց երկրում ներդրումային բումից, որովհետեւ չկա: Երեւի 98-ի հեղաշրջումից հետո մինչեւ հոկտեմբերի 27 երկրում ներդրումային այնպիսի բում էր, իսկ հոկտեմբերի 27-ից հետո ուղղակի կանգնեցնել հնարավոր չէր: Նույնիսկ բորենու համբերություն չունեք: 20 տարի, ընկերներ, 20 տարի պետությունը չի շնչել: 20 տարի շարքային քաղաքացիներից ոչ ոք չի իմացել, թե իրականում ինչ բյուջեի է տիրապետում, ինչպես չի իմացել, թե ընտրություններում ինչքա՞ն քվե է իրականում վերցրել ընդդիմությունը: Դուք ի՞նչ եք անում՝ ձեր անհամբերությամբ ուրիշների համբերության չա՞փն եք ստուգում: Ոչ: Ձեր անհամբերությունը չէ, ձերը դարանակալելն է՝ թվերի վրա, բառերի վրա, հեծանիվի վրա: Որովհետեւ դուք սովոր չեք էսպիսի Հայաստանի: Հասկանու՞մ եք, մեզ խանգարում է ձեր մարդուն ձախողված տեսնելու «աղոթքը»: Դա անհուսություն չէ, դա անհավատություն չէ նոր իշխանությունների հանդեպ: Դա նրանց անպայման տապալված տեսնելու մղումն է: Իսկ այն, որ Հայաստանն ավելի տապալված չի եղել, քան ձեր օրոք, դա ձեզ չի էլ հուզում: Քաղաքականության մեջ ձեր կեցվածքն անհասկանալի է, նշանակում է, ուզում եք հակահեղափոխություն: Որովհետեւ քաղաքական ձեռագրեր չունեք: Որովհետեւ կարծում եք, թե կարելի է նաեւ հաղթել պարզապես չարախնդալով: Գոնե բորենիներից օրինակ վերցրեք: