13.05.2019 13:17

Լիզա Ճաղարյան. Ջեբկիրներն էլ սկզբունքներ ունեն

Լիզա Ճաղարյան. Ջեբկիրներն էլ սկզբունքներ ունեն

Պարզվում է՝ նախկին իշխանության պարագլուխներին աջակցողները սկզբունք ունեցողներն են։

Չխորանանք՝ պարզողներն ովքեր են։

Ոչ միայն չխորանանք, թե ովքեր են պարզողները, նաեւ չքմծիծաղենք, չհեգնենք,ավելին՝ չվիճարկենք սրանց սկզբունքայնությունը։ Նույնիսկ չենք էլ ակնարկի, թե ինչքան են գնահատվում սրանց սկզբունքայնության ցուցքերը՝ դրամով կամ դոլարով, չենք էլ կրկնի ակնհայտ փաստերը, որ ոմանց սկզբունքայնությունը հանցակից լինելու հեռանկարի բացահայտման կամ հաստատման վախից է սնվում։

Շատ հեշտությամբ համաձայնենք, որ գործ ունենք անկաշառ եւ անաչառ սկզբունքային խմբակի հետ ու տեսնենք, թե այդ ինչ շենշող սկզբունքներ են ոգեշնչում այս անձնազոհներին։

Ինչու՞ «անձնազոհ»։ Այս բնորոշման պատճառն այն չէ, որ սրանց կողմերից նաեւ թառանչներ են լսվում, թե 37 թիվը եկել ու չոքել է իրենց ազատասեր բկին։ Սրանք ակամա, գուցե նաեւ անգիտակից անձնազոհներ են, որովհետեւ լավ չեն պատկերացնում, թե հանուն իրենց պաշտպանյալների՝ հանցանքների ինչ ծանր բեռան տակ են մտել կամովին։

Այստեղից էլ սկսենք։

Այս սկզբունքայինները  ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մոլեգնորեն պաշտպանում են, որովհետեւ արդարացվա՞ծ են համարում սահմաններից, ներառյալ՝ Արցախի ՊԲ-ից զորքերի տեղափոխումը Երեւանի մայրաքաղաքի կենտրոն։ Մարտի 1-ի առնվազն տասը ՀՀ քաղաքացիների սպանություններն, ըստ այս սկզբունքայինների, արդար պատի՞ժ էին։ Կարծու՞մ են, որ Արցախից Հայաստան փոխադրվելուց հետո քոչարյանական ընտանիքի փադիշահական ունեցվածքը ձեռք է բերվել նախագահական աշխատավարձով եւ արդար քրտինքով։ Մտածում են, որ «Առագաստ» սրճարանում «պրիվետռոբ» ասելու համար Պողոս Պողոսյանին Քոչարյանի թիկնապահները «շանսատակ են արել» ըստ արժանվույն (թեթեւակի սխալվել են, իհարկե՝ մի քիչ շտապել են սպանել, չեն թողել, որ իրենց փադիշահը «մի քանի բան ասի» նրան, հետո նոր դատավճիռն ավարտին հասցնեն)։ Թե՞ իրոք այս սկզբունքայինները հավատում են, որ, օրինակ, ՆԳՆ զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանն իր ոտքով գնացել ու քարուղռերի մեջ երկու անգամ ինքն իր վրա կրակելով ինքնասպանություն է գործել։ Ոչ մի տարօրինակ բան չե՞ն տեսնում այս սկզբունքայինները՝ հիշելով, որ Հոկտեմբերի 27-ից հետո իրենց պաշտպանյալի եւ ռոմանտիկ ահաբեկչի հանդիպումն ու «բանակցությունները» չձայնագրվեցին ու հանրությանը չներկայացվեցին, որ Հայաստանի քաղաքացիները «հիանան» Քոչարյանի անձնազոհ արարքով եւ սեփական անգին կյանքը հանուն հայրենիքի վտանգելու համար։

Սերժիկ Սարգսյանի մասին չասեմ։ Հայաստանում միայն անմեղսունակները չգիտեն, որ Քոչարյանի փադիշահական տարիների բոլոր «հաջողությունների» եւ «նվաճումների» անմիջական մասնակիցը եղել է նաեւ վերջին օրերին Արցախի կարոտից հալումաշ լինող «Շուշիի ազատագրման պատասխանատուն», եւ որ այս պատասխանատուի ազգուտակն էլ միլիոնատեր դարձավ միմիայն արդար քրտինքով։   

Կրկնեմ. ես հավատում եմ, որ այս սիամական զույգի պաշտպաններն ու աջակիցներն առաջնորդվում են միմիայն իրենց դավանած սկզբունքներով։ Զարմանալի բան չկա. նույնիսկ ջեբկիրները սկզբունքներ ունեն։ Սրանց սկզբունքն էլ սա է՝ թող տրակտորն աշխատի, մենք ինչի՞ աշխատենք, եթե կարող ենք երկու մատի վարժ շարժումով ուրիշի աշխատածը գրպանել։