13.05.2019 18:11

Լիզա Ճաղարյան. «Քուչի տղեքն» ու Օսիպյանական «կտրիճները»

Լիզա Ճաղարյան. «Քուչի տղեքն» ու Օսիպյանական «կտրիճները»

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկար տարիներ սպասում էր այս օրվան։

Տեսանք։ Ամբաստանյալի աթոռին նստած էր Ռոբերտ Քոչարյանը։ Այն նույն աթոռներից մեկին, որտեղ քանի-քանի անմեղ «ամբաստանյալ» է նստել այս նույն Քոչարյանի պատվերով։ Տեսանք եւ հուսով ենք՝ դեռ երկար կտեսնենք նրան ամբաստանյալի եւ մեղադրյալի կարգավիճակում։

Է՞լ ինչ տեսանք։

Տեսանք ամբաստանյալի աջակիցներին։ Սրանցից շատերն իրենց վարքագծով հիշեցրին այն տարիները, երբ «դալաններում» եւ փողոցներում ընդդիմադիրների վրա հարձակվում էին քաղաքացիական հագուստով խուլիգաններ. հետագայում պարզվում էր՝ սրանք կամ ծպտված ոստիկաններ են, կամ՝ «քուչի տղեք», որոնց քսի էին տալիս իրենց իրավունքների համար պայքարող խաղաղ ցուցարարների վրա։

Բայց մտահոգիչը սա չէ. ես եւ ինձ նման շատերն ուղղակիորեն կապշեին, եթե ամբաստանյալ Քոչարյանի աջակիցները (հարազատներին հանած) փայլեին իրենց բարեկրթությամբ կամ օրենքի նկատմամբ հարգանքով։ Ի վերջո, սրանք դուրս էին եկել աջակցելու մի մարդու, որն իր իշխանության տարիներին ամեն քայլափոխի խախտում էր օրենքները եւ ոտնահարում Սահմանադրությունը։ Մի մարդու, որի կարծիքով՝ օրենքն ինքն էր, իրենից վեր օրենք չկար։ Տարօրինակ կլիներ, եթե այս կարգի մարդու աջակիցներն առհասարակ օրենքի մասին գաղափար ունենային կամ օրենքի նկատմամբ հարգանքի նշույլ ցուցադրեին։ Սրանց օրենքը «քուչի տղու» փողացային ադաթն է, որն էլ ողջ պերճանքով ու թշվառությամբ երեկ ցուցադրեցին դատարանի առջեւ։

Կրկնեմ. մտահոգիչը սա չէ։ Մինչ իշխանափոխությունը նույնիսկ մանկապարտեզի երեխաներին էր հայտնի, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ աքլորացող ոստիկանները կուչուձիգ էին գալիս թաղային հեղինակությունների առաջ, եւ որ՝ ոստիկանը թաղային հեղինակության խղճուկ կամակատարն է։

Այսօր, որքան էլ ցավալի է, Քոչարյանի դատավարությամբ հետաքրքրված ողջ Հայաստանը տեսավ, որ ոչինչ չի փոխվել։ Քոչարյանական «հրապարակում» էին «քուչի տղու» ադաթներով առաջնորդվող, այսպես կոչված, աջակիցներ, որոնք տերուտիրական էին զգում իրենց դատարանի առջեւ ու դատարանի միջանցքում, իրե՛նք էին որոշում, թե ով պետք է մտնի դատարանի դահլիճ, եւ ով՝ ոչ, իրե՛նք էին որոշում՝ ինչ պաստառ կարելի է պահել գլխավերեւում, ինչ՝ ոչ, իրե՛նք էին որոշում՝ անհնազանդներին ինչպես պատժել, ինչպես՝ ոչ, եւ ոստիկաններն այն նույն վախվորած «կտրիճներն» էին, որոնց տեսել ենք տարիներ շարունակ ու վիրավորվել իրենց փոխարեն։