14.05.2019 14:11

Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը

Մեկնարկում է Կաննի 72-րդ կինոփառատոնը

Այս տարի Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագրում կներկայացվի միանգամից չորս ֆիլմ, որ նկարահանել են կինոռեժիսոր կանայք: Նշվում է, որ կինոփառատոնի ողջ պատմության ընթացքում ընդամենը մի կնոջ՝ Ջեյն Քեմպիոնին է հաջողվել ստանալ «Ոսկե արմավենու ճյուղ» գլխավոր մրցանակը:

Մրցույթի հանձնաժողովը կնախագահի մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն: «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրին ղեկավարում է լիբանանցի դերասանուհի և ռեժիսոր Նադին Լաբակին:

Կինոփառատոնը կբացվի Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում» ֆիլմով: Փառատոնի ծրագրում տեղ է գտել նաև Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարը՝ Լեոնարդո դի Կապրիոյի, Բրեդ Փիթի և Մարգո Ռոբբիի մասնակցությամբ:

«Ոսկե արմավենու ճյուղի» գլխավոր հավակնորդներից է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ և փառք» ֆիլմը, որը պատմում է ծերացող կինոգործչի մասին: Գլխավոր դերերում են Անտոնիո Բանդերասը և Պենելոպա Կրուսը:

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին Կաննում կհանձնվի պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղ»՝ կինոյում կարկառուն կարիերայի համար:

Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը:

Փոխանցում է euronews-ը: