14.05.2019 16:38

Սկոպիեում տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նոր նախագահի երդմնակալությունը

Սկոպիեում տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի նոր նախագահի երդմնակալությունը

Հյուսիսային Մակեդոնիայի նոր նախագահ Ստևո Պենդարովսկու երդմնակալության արարողությունը կայացել է կիրակի Սկոպիեում, հաղորդել է ТАСС-ը:

Հանդիսավոր արարողության հիմնական մասը կայացել է հանրապետության խորհրդարանում, որտեղ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնող Պենդարովսկին երդում է տվել: Միջոցառմանը ներկա են եղել պատգամավորներ, կառավարության անդամները, հոգևոր առաջնորդները, բանակի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև օտարերկրյա մի շարք պետությունների ղեկավարներ:

Արտասահմանցի հյուրերի թվում են եղել Բուլղարիայի և Սերբիայի նախագահներ Ռումեն Ռադևը և Ալեքսանդր Վուչիչը, Ալբանիայի նախագահ Իլիր Մետան և մասնակի ճանաչված Կոսովոյի առաջնորդ Հաշիմ Տաչին:

Պաշտոնակալման արարողությունից հետո «Վիլա-Վոդնո» նստավայրում զինվորական և պետական մեծարանքներով  տեղի է ունեցել նախագահական գործառույթների փոխանցումը գործող նախագահ Գեորգե Իվանովից հանրապետության նոր ղեկավարին: Այնուհետև տեղի է ունեցել Իվանովի և Պենդարովսկու անձնական հանդիպումը:

Փոխանցում է newsru.com-ը: