15.05.2019 12:00

Յայա Տուրեն հերքել է կարիերան ավարտելու մասին լուրը

Յայա Տուրեն հերքել է կարիերան ավարտելու մասին լուրը

Կատալոնական «Բարսելոնայի», անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականի նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հերքել է լուրերը, թե ավարտում է կարիերան: 35-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Օլիմպիակոսը», որի կազմը նա լքել էր 2018-ի դեկտեմբերին:

«Վերջին շրջանում շատ է խոսվում ապագայիս մասին: Կցանկանայի հստակեցնել, որ սիրում եմ ֆուտբոլը եւ մտադիր եմ խաղալ եւս մի քանի տարի: Այո, հետաքրքրված եմ մարզչական լիզենզիա ստանալով, սակայն դա այն աշխատանքը չէ, որով ցանկանում եմ զբաղվել հիմա: Այժմ պատրաստ եմ ընդունել նոր մարտահրավերներ եւ նորից խաղալ ֆուտբոլ: Երբ ժամանակը գա, ինքս կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին»,- թվիթերյան էջում գրել է Տուրեն:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Տուրեն հանդես է եկել նաեւ «Մոնակոյում», Դոնեցկի «Մետալուրգում», բելգիական «Բեւերենում»: Նա չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2015-ին Կոտ դ՝Իվուարի հավաքականի հետ դարձել է Աֆրիկայի չեմպիոն: