14.05.2019 21:07

Արսեն Գրիգորյան․ Վոինի մահապարտները

Արսեն Գրիգորյան․ Վոինի մահապարտները

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Ինքնին այս մարդու հետ կապված ամեն ինչ պարզ է՝ պատասխան է տալու եւ վերջ։ Սակայն մեծ է անորոշությունը այն մարդկանց մասով, որոնք, ըստ իրենց, դատարանում փորձում են տպավորություն ստեղծել, թե Քոչարյանի թիկունքին ժողովուրդ կա։

Այս մարդիկ անհայրենիք մահապարտներ են։ Որովհետեւ դատարանում Հայաստանն է ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, իսկ էս մարդիկ ասում են՝ չէ, Հայաստանը պիտի հանգիստ թողնի էդ մարդուն։ Ոչ մի խնդիր։

Ձեր փաստարկը ո՞րն է։ Սաքուլի՞կը։ Թավադյան Արմե՞նը, որն իրականում չի էլ պատկերացնում, թե ինչ խնդիրների մեջ է Ռոբերտ Քոչարյանը։ Մյուսները դեռ կարող են արդարանալ, որ իրենց փող են տվել ու իրենք դուրս են եկել Հայաստանի դեմ։ Մյուսները կարող են խոսել էն դրախտից, որ իրենց խոստացել է նառին քնող Ռոբերտ Քոչարյանը։ Բայց մարդ ինչպե՞ս կարող է առավոտյան աչքերը բացել որպես մահապարտ։

Սրանք տուն վերադառնալիս ի՞նչ են խոսում իրենց ծնողների կամ երեխաների հետ։ Ասենք, Գասպարիին ինչու՞ եք խփում շշով։ Էդ մարդը նստել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Գասպարին երկրորդ նախագահի ուղղակի զոհն է, եկել է դատարան որպես զոհ, ներս էլ չի մտնում, որ երեսը չտեսնի։ Գուցե որ էդ մարդուն հավելյալ չամաչեցնի էն փաստով, որ՝ պարոն Քոչարյան, տես, դու հիմա բանտում ես, իսկ ես ազատության մեջ։ Էդ մարդու զենքը կոկորդն է, նա «մարդասպան» է բղավում էն մարդու հասցեին, որի իշխանության արդյունքում մեկ օրում սպանվեց 10 հոգի։ Բա դուք Քոչարյանի ի՞նչն եք, որ խփում եք էդ մարդուն։ Դուք չեք էլ հասկանում, որ Քոչարյանը նստած է հենց քաղաքականության մեջ վոինի կեցվածքից դուրս չգալու համար։ Ձեր կապիկություններն, իհարկե, անցողիկ են։

Հայաստանն արդեն չի ընկալում նման բաները, այսինքն, չի էլ հասկանում, թե դուք որպես ինչ կաք իր մեջ։ Ձեր ողբերգությունն այն է, որ ձեր արած ամեն քայլը նկարահանվում է, որովհետեւ ամեն ինչ իր տեղն է ընկնելու, բացառված չէ նաեւ, որ դուք էլ հասկանաք, թե ինչ որակի մարդու ծառա եք եղել։ Ստալինիզմի ժամանակ էլ եղել են նմանները, բայց նրանց անունը եւ տեսքն էլ հայտնի չէ, ոչ նկարվել են, ոչ էլ նրանց մասին գրվել է, իրենք մատնել են, իրենք սպանել են, իրենք զրպարտել են, բայց հեռացել են առանց այդ ամենի մասին նույնիսկ դատական արձանագրություն թողնելու։ Ձեր պարագան սարսափելի է, ձեր մասին գրում են, ձեր պատկերներն օրերով շրջանառվում են կայքից կայք, հեռուստաալիքից հեռուստաալիք։

Դեռ ձեզ կներվի, որ էդպես էլ չհասկացաք, որ միտինգին ճղճղալու փողը նույն ընտրակաշառքի փողն է։ Ձեզ ընդհուպ կներվի այն ամենը, ինչ անում եք էս օրերին։ Որովհետեւ դուք չեք երեւալու ապագայի մեջ, մնալու է միայն ձեր մասին արձանագրվածը։ Ու ցան այն է, որ դա արդեն քիչ չէ։ Նույնիսկ էս մասին մտածելն արդեն ձեր համար իմաստ չունի։