15.05.2019 12:26

Ռուսաստանցի դիվանագետը՝ Վենեսուելայում զինվորականների մասին

Ռուսաստանցի դիվանագետը՝ Վենեսուելայում զինվորականների մասին

Վենեսուելայում հակամարտությունը Ազգային ժողովի նախագահ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի և նախագահ Նիկոլոս Մադուրոյի միջև, որի օրինակարգությունը վիճարկում են մի շարք երկրներ, հաճախ դիտում են որպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիմակայության արտահայտություն:

Վաշինգտոնը և տարածաշրջանի ու աշխարհի տասնյակ երկրներ պաշտպանում են Գուայդոյին, մինչդեռ Ռուսաստանը բացահայտ աջակցում է Մադուրոյին՝ ԱՄՆ-ին մեղադրելով անկախ պետության ներքին գործերին միջամտելու համար:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկու կարծիքով, սակայն, Ռուսաստանը չի աջակցում Մադուրոյին: «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Մադուրոն Վենեսուելայի  միակ ընտրված նախագահն է՝ Վենեսուելայի օրենքներին համապատասխան: Հենց այդ պատճառով էլ մենք Վենեսուելայում նախագահ Մադուրոյից բացի՝ այլ զրուցակից չունենք: Եվ մենք այդ հարցում միայնակ չենք: Շատ երկրներ համամիտ չեն Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դիրքորոշմանը»:

BBC-ի լրագրողի այն նկատառմանը, թե Ռուսաստանն ինքն է արդեն միջամտում օտար պետության ներքին գործերին՝ որպես ապացույց մատնանշելով մարտ ամսին Վենեսուելայում վայրէջք կատարած երկու ռազմական օդանավերը, որոնցից զինվորականներ էին դուրս եկել, Պոլյանսկին նշել է. «Ռուսաստանի և Վենեսուելայի ռազմական համագործակցությունը հունվարին չի սկսվել, այն նոր մակարդակի է բարձրացել: Մինչ այդ Վենեսուելային ռազմական սարքավորումներ ու ռազմաթերք էին մատակարարում ամերիկացիները: Հետո նրանք որոշեցին դադարեցնել դա: Եվ այդ ժամանակ մենք սկսեցինք զբաղվել դրանով, հավանաբար՝ 15 տարի առաջ: Իհարկե, այդ սարքավորումները պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են պահանջում, դրա համար էլ մենք պարբերաբար այցելում ենք Վենեսուելա: Այո, ռազմական օդանավեր եղել են՝ գրեթե հարյուր հոգի անձնակազմով: Բայց դրանք զինվորականներ չէին, նրանք զինված չէին, դրանք ռազմական մասնագետներ էին և զբաղվում են վերանորոգման աշխատանքներով»:

Փոխանցում է BBC-ն: