16.05.2019 15:32

Քոչարյանի փաստաբանը Արտակարգ դրության հրամանագրի հարցում հիշեցնում է նաեւ ԱԺ մեղսակցությունը

Քոչարյանի փաստաբանը Արտակարգ դրության հրամանագրի հարցում հիշեցնում է նաեւ ԱԺ մեղսակցությունը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը երեկ դատարանում բավականին ուշագրավ մի հայտարարություն է արել:

Մասնավորապես, խոսելով արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրի վերաբերյալ՝ Սահակյանը հիշատակել է նաեւ այն ժամանակվա խորհրդարանը: Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ Խորհրդարանը՝ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հատուկ նիստ է գումարել, որտեղ փաստացի իր համաձայնությունն է տվել այդ հրամանագրին: Քոչարյանի փաստաբանը՝ իր պաշտպանյալի մեղադրանքը «մեղմելու» համար փաստացի մեղադրել է 2008 թվականի դրությամբ պատգամավոր եղած բոլոր անձանց, բոլոր խմբակցություններին՝ այդ հրամանագրին մեղսակից լինելու համար:

Ի՞նչն է այստեղ ուշագրավը: Այն, որ այդ շրջանում պատգամավոր եղած գրեթե բոլոր անձինք այսօր իրենց տարանջատում են այդ հրամանագրից, հայտարարելով, թե Ազգային ժողովն ու իրենք՝ որպես պատգամավորներ հավանություն չեն տվել Քոչարյանի հրամանագրին, ասել է թե՝ իբր թեկուզ բարոյական, բայց որեւէ պատասխանատվություն չեն կրում արտակարգ դրություն սահմանելու համար:

Եւ որպես ապացույց հայտարարում են, թե նայեք ԱԺ արձանագրություները եւ կտեսնեք, որ չի եղել հրամանագրի հաստատման որեւէ քվեարկություն:

Ամբողջ այս շփոթի պատճառն իրականում այն է, որ այստեղ պարզ բառախաղ է տեղի ունենում, որովհետեւ այն ժամանակվա Ազգային ժողովը Քոչարյանի հրամանագիրը հաստատել է ոչ թե քվեարկությամբ, այլ՝ ուրիշ ընթացակարգով, եւ դրա մասին հատուկ նիստի ավարտին բառացիորեն հայտարարել էր ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը: Եւ այդ նիստը, դրա ամբողջ սղագրությունն ու Թորոսյանի հայտարարությունները առկա են Ազգային ժողովի կայքում:

2008 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը (ժամը 00:25-ից մինչեւ 05:25) Ազգային ժողովը գումարում է հատուկ նիստ: Նիստում քննարկվում է երեք հարց. «Ազգային ժողովի հատուկ նիստը Հանրային ռադիոընկերության ուղիղ եթերով չհեռարձակելու վերաբերյալ», ՀՀ նախագահի հրամանագիրը «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հավանության արժանացնելու մասին եւ ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը «Մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ» հարցերը:

63 կողմ, 14 դեմ եւ 6 ձեռնպահ քվեարկությամբ նախ որոշվում է նիստը ռադիոյով չհեռարձակել:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարում է. «Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՀՀ Նախագահը` խորհրդակցելով ԱԺ-ի նախագահի եւ վարչապետի հետ, ստորագրել է հրամանագիր «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագրի տեքստը ձեզ բաժանված է, եւ, ինչպես գիտեք, մեր Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է ԱԺ հատուկ նիստ: Բոլոր պատգամավորները տեղեկացված են արտակարգ դրություն հայտարարելու մասին, եւ մենք, քանի որ արդեն ունենք քվորում, սկսում ենք այդ նիստը»:

Ապա Թորոսյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը իր եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է արտակարգ դրություն սահմանելու հարցը:

«Ես սկզբում ասացի, որ դա արվել է: 2-րդ` ես կարող եմ ասել, որ ե՛ւ ես, ե՛ւ ՀՀ վարչապետը համաձայն ենք եղել ՀՀ Նախագահի կարծիքին, որ անհրաժեշտ է մտցնել արտակարգ դրություն` երկրում վիճակը կարգավորելու համար»:

Նիստում տեղի է ունենում քննարկում, ապա մտքերի փոխանակում, բայց տեղի չի ունենում ամենակարեւորը՝ պատգամավորներից ոչ մեկը չի ներկայացնում ԱԺ որոշման նախագիծ, որով ԱԺ-ն կարող էր հավանություն չտալ Քոչարյանի հրամանագրին: Իսկ եթե այդպիսի նախագիծ չէր ներկայացվում, ապա ԱԺ-ն ավտոմատ հավանության էր արժանացնում հրամանագիրը:

Ահա այդ դրույթը, որը սահմանվում է «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով եւ ընդունվել էր 2007 թվականի դեկտեմբերին.

«Հոդված 53. Օրենքի 92-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:».

բ) 2-րդ կետը «հետ» բառից հետո լրացնել «հայտարարում է արտակարգ դրություն» բառերով.

գ) 3-րդ կետի «սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կարող է դադարեցնել» բառերը փոխարինել «կարող է չեղյալ հայտարարել» բառերով.

դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովին ներկայացվում եւ շրջանառության մեջ է դրվում սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ քննարկվում եւ ընդունվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով:».

ե) 5-րդ, 6-րդ եւ 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

զ) 7-րդ կետի «դադարեցման» բառը փոխարինել «իրականացումը չեղյալ հայտարարելու» բառերով»:

Հենց դրա մասին էլ նիստի վերջում՝ արդեն լուսադեմին հայտարարում է ինքը՝ Թորոսյանը.

«Համաձայն մեր կանոնակարգի 92-րդ հոդվածի եւ 52-րդ հոդվածի՝ այնտեղ սահմանված բովանդակությամբ ԱԺ որոշման նախագիծ չի ներկայացվել։

Այսպիսով, հարցի քննարկումն ավարտվեց։

Փաստորեն, չներկայացվեց Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված «Միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։ Այսինքն՝ սա նշանակում էոր ԱԺ-ն իր համաձայնությունն է հայտնել Հանրապետության Նախագահի հրամանագրին»։

Ահա սրա մասին է խոսքը: Այո, այն ժամանակ ԱԺ-ն հաստատել է այդ հրամանագիրը: Թե ինչ դրդապատճառներով, էական չէ: Եւ տրամանաբանական չէ, որ այն ժամանակ պատգամավոր եղած տիկնայք եւ պարոնայք այսօր հայտարարում են, թե առնչություն չունեն այդ ամենի հետ: Ունեն: Առնվազն՝ բարոյական: Եւ սա էլ ապացույցն է:

Պարգեւ Ապրեսյան