20.05.2019 16:26

Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան արձակելու մասին

Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադան արձակելու մասին

Այսօր Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնած Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է արել ռադան լուծարելու և երկու ամսվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,- հայտարարել է նա ուկրաինացի ժողովրդին հասցեագրված իր առաջին ուղերձում, որը նա արել է ռադայի դահլիճում՝ երդմնակալությունից անմիջապես հետո:

Զելենսկին պատգամավորներին կոչ է արել մինչև իրենց լիազորությունների ավարտն այդ երկու ամիսների ընթացքում ընդունել մի շարք կարևոր օրենքներ, մասնավորապես՝ խորհրդարանականներին զրկել անձեռնմխելիությունից: «Խնդրում եմ ընդունել օրենք՝ պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելու վերաբերյալ, օրենք՝ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության վերաբերյալ, բազմաչարչար ընտրական օրենսգրքի վերաբերյալ»,- պատգամավորներին կոչ է արել Զելենսկին: Նա նաև հայտարարել է, որ պնդում է ռադայի ընտրություններում բաց ընտրական ցուցակների պահանջը:

Բացի այդ, նախագահը ռադայից պահանջել է ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակին, գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին և  պաշտպանության նախարար Ստեպան Պոլտոռակին: Վերջինս արդեն պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել:

Փոխանցում է tass.ru-ն: