21.05.2019 12:47

Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Մնացականյանը մեկնում է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Այդ մասին «Ազատության» փոխանցմամբ, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող։

Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վան Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։

Ըստ Նաղդալյանի, մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։

Աննա Նաղդալյանը փոխանցել է նաեւ, որ հունիսին Բրյուսելում կայանալու է Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։