22.05.2019 18:13

Լիզա Ճաղարյան. Հայաստանի քաղաքացիները վճռական քայլերի են սպասում

Լիզա Ճաղարյան. Հայաստանի քաղաքացիները վճռական քայլերի են սպասում

Հնարավո՞ր է Հայաստանում գտնել մեկ մարդու, որի համար անսպասելի էր նախկին հանցագործ վարչակազմի այս կատաղի, անբարոյական ու լպիրշ դիմադրությունը։

Արժե՞ քրքրել լրատվամիջոցների արխիվները եւ մեջտեղ հանել քաղաքական փորձառու եւ անփորձ գործիչների, քաղաքականությունից շատ գլուխ հանող կամ բոլորովին գլուխ չհանող Հայաստանի քաղաքացիների տեսակետները, թե նախկինների նժարին ինչեր են դրված, որոնց կորուստը մահվան հավասար մի բան է սրանց համար։

Չարժե։ Շատ ժամանակ չի անցել, բոլորի հիշողությունն էլ դեռ թարմ է։

Ի՞նչ էր սպասում իր հաղթանակը տոնող, ինչպես նախկինների գրչակներն են ծամոնի պես լմլմացնում իրենց բերաններում՝ «էյֆորիայի» գիրկն ընկած հասարակությունը (ի դեպ, նախկինների մեջ եթե պատահաբար քիչ թե շատ խելացի մարդիկ մնացել են, վաղուց պետք է զգուշացրած լինեին, որ էյֆորիայի մասին թմբկահարումը վկայում է ընդամենը մի բան՝ Հայաստանի քաղաքացիների ատելությունն իրենց նկատմամբ անսահմանության էր ձգտում, իսկ նման ահռելի չափերի հասնող ատելությունը նաեւ ահռելի չափերի հասնող հիմքեր է ունենում՝ օդից չի ընկնում)։

Հասարակությունը սպասում էր վճռականություն. վճռական քայլեր, ոչ թե վճռական խոսքեր (այդ նույն հասարակությունը հեղափոխության ընթացքում մի կուշտ լսել էր վճռական խոսքեր), ապասում էր կայծակնային արագությամբ փոփոխությունների։ Հեղափոխության ոգուն եւ տրամաբանությանը համապատասխան։

Իշխանությունն այլ ճանապարհ ընտրեց։ Թո՛ղ որ ուսյալ քաղաքագետները քննարկեն ու վերլուծեն, թե ոնց է հնարավոր հանցագործ ու կաշառակեր իրավապահ համակարգի ուսերին նստած՝ արդարադատություն հաստատել։ Ես՝ Հայաստանի շարքային քաղաքացիս, տեսնում եւ ընդամենն ասում եմ՝ այդ ճանապարհը չարդարացրեց իրեն, եւ հակառակը պնդելու փորձ անողները պարզապես հավկուրությամբ են տառապում, եթե ձեւացնում են, որ չեն տեսնում, թե ինչ դավադրություններ են հյուսվում Հայաստանում՝ ընդդեմ ողնաշարն ուղղելու փորձ անող Հայաստանի Քաղաքացու։

Որքան հնարավոր է սառն ու սթափ դատենք այս պահին ստեղծված իրավիճակի մասին։ Հասարակությունը վտանգ է տեսնում, հասարակությունն իր թիկունքին նյութվող դավադրությունն է զգում իր ողնաշարով, հասարակությունը վճռական քայլեր է սպասում իշխանությունից, եւ ի՞նչ է ստանում. կրկին վճռական խոսքեր՝ առանց դրանց հետեւող վճռական քայլերի։ Եվ մեկ էլ՝ ի՞նչ. ուղիղ ակնարկներ ժողովրդի աջակցության անհրաժեշտության մասին։

Ժողովուրդը մի՛շտ պատրաստ է աջակցության։ Ժողովուրդն ամեն ինչ կանի, անհնարի՛նն էլ կանի, որ նախկին արնախումները, թալանչիները, կաշառակեր սրիկաները, սրանց հացկատակներն ու ճղճիմ գրչակները մնան լուսանցքում ու իրենց ողորմելի գոյությունը քարշ տան մինչեւ արդար դատաստանի օրը։

Բայց։

Այդ նույն ժողովուրդը պետք է նաեւ հասկանա, թե իշխանության ո՛ր վճռական քայլին է աջակցում, բացի այդ իշխանության վճռական խոսքին ծափ տալուց։

Հայաստանի հպարտ քաղաքացիները վճռական քայլերի են սպասում՝ տրամաբանված եւ հիմնավորված։ Եվ Հայաստանի այդ հպարտ քաղաքացիները վճռականորեն եւ մինչեւ վերջ թիկունք կկանգնեն իշխանության բոլո՛ր տրամաբանված եւ հիմնավորված վճռական քայլերին։

Մինչեւ վե՛րջ։

Կարծում եմ, շատ հասկանալի ու անասելի պարզ ներկայացրի հասարակության ցանկությունը, հարգելի ՀՀ իշխանություն։