23.05.2019 14:40

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. ՀԺ

Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա. ՀԺ

Կառավարության այսօրվա նիստեւմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նախագիծ, որի համաձայն հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները եւ այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

«Ինչպես նաեւ ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում պաշտոնական պարտականությունների կատարման համար»,- «ՀԺ»-ի փոխանցմամբ ասել է նախարարը։

Տոնոյանը հայտնել է, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով՝ բարձրագույն սպայական կազմ, կրտսեր-ենթասպայական ու շարքային, մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը եւ պայմանագարային շարքայինը։ Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը», - ասել է  Տոնոյանը։

«Մենք հայտարարել ենք, որ 10 տոկոսով աշխատավարձը կբարձրանա, բայց կրտսեր կազմինը ու հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինեւ 20 տոկոսով»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը։

Տոնոյանը նշել է, որ բարձրանում է միջինը 18 տոկոսով կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, հավելում է լինելու եւս։