27.05.2019 12:00

Արթուր Ալեքսանյանը դարձել է Ղազախստանում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթող

Արթուր Ալեքսանյանը դարձել է Ղազախստանում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթող

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկության հաղթող։

97 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախօրեին տարել էր չորս հաղթանակ եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ մայիսի 26-ին հաղթել է ռուս Ալեքսանդր Գոլովինին: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր են դարձել Ռուսաստանը ներկայացնող Դանիլա Սոտնիկովը եւ Նիկիտա Մելնիկովը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ հանդես են եկել նաեւ 60 կգ քաշայիններ Գեւորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը եւ 87 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, որոնք մեդալ չեն նվաճել:

Մրցաշարին մասնակցել են նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի, Իրանի եւ Բուլղարիայի ըմբիշները։

Հիշեցնենք, որ սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցաշարն էր վնասվածքից ապաքինվելուց հետո: Նա ըմբշամարտի մրցագորգից բացակայում էր 2018-ի նոյեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: