27.05.2019 13:01

Կրեմլը ազատ չի արձակի ուկրաինացի նավաստիներին

Կրեմլը ազատ չի արձակի ուկրաինացի նավաստիներին

ՄԱԿ-ի ծովային իրավունքի միջազգային դատարանը շաբաթ օրը Ռուսաստանից պահանջել է ազատ արձակել ուկրաինական ռազմանավերը և նավաստիներին, որոնք անցյալ տարվա աշնանը ձերբակալվել են Կերչի նեղուցում:

Ռուսաստանի դիրքորոշումն արտահայտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը հայտարարել է, որ այդ դիրքորոշումը չի փոխվել. հարկավոր է սպասել, մինչև ավարտվեն հետաքննությունն ու դատավարությունը:

Անփափոխ է մնացել նաև ռուսաստանյան ԱԳՆ-ի դիրքորոշումը: Շաբաթ օրը նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այն վերապահումները, որոնք արել են Ռուսաստանն ու Ուկրաինան 1982 թ. ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրելիս ու վավերացնելիս, բացառում է կոնվենցիայով նախատեսված՝ տվյալ միջադեպի հետ կապված տարաձայնությունները հարթելու գործընթացների հնարավոր գործադրումը:

Ծովային իրավունքի միջազգային դատարանի պահանջին Մոսկվայի կոշտ արձագանքը նվազեցնում է Ղրիմի շուրջ լարվածության թուլացման և Ուկրաինայի հետ հարաբերությունների բարելավման հնարավորությունները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Ծովային իրավունքի միջազգային դատարանի որոշումը, հայտարարել է, որ եթե Ռուսաստանը կատարի այդ պահանջը, ապա դա «կարող է դառնալ առաջին ազդանշանը ռուսաստանյան ղեկավարության կողմից՝ Ուկրաինայի հետ հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության վերաբերյալ»:

Փոխանցում է BBC-ն: