30.05.2019 17:11

Արմեն Սարգսյան. Ձգձգողը

Արմեն Սարգսյան. Ձգձգողը

ԱԺ-ն արդեն որերորդ անգամն է՝ ՍԴ դատավոր չի ընտրում: Դատավոր առաջադրելու հերթը, հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանինն է: Նա առաջադրում է թեկնածուների, ԱԺ-ն թեկնածուներին չի ընտրում, հետո սկսվում է ամենաուշագրավը՝ «նախկինական» մամուլն ու ընդդիմադիրները սկսում են հայտարարել, թե ահա հերթական ֆանտաստիկ թեկնածուն առաջադրվեց, եւ ահա, հերթական ֆանտաստիկ թեկնածուն չընտրվեց: Ընդ որում, այդ հայտարարությունների եւ վերլուծությունների հեղինակները «ֆանտաստիկության» հիմնավորումներ բերելիս, մեծ հաշվով, հիմնականում նշում են միայն թեկնածուների «կոչում»-ները, բայց ոչ նրանց հայտարություններն ԱԺ-ում, եւ կամ՝ տեսակետներ-պատկերացումները ոլորտի մասին: «Հայտնի մարդ է», կամ «դոկտոր-պրոֆեսոր» մարդ է: Մոտավորապես այսպիսին են քննադատողների «զարմանքն» արտահայտող համառոտագրերը, ասես եթե անգամ մարդը դոկտոր-պրոֆեսոր է, ապա միայն այդքանն արդեն բավական է՝ մարդուն այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ու մոռանում են, որ նախկինների ժամանակ քիչ այդպիսի «դոկտոր-պրոֆեսորներ» չեն եղել, որոնք ավելի շատ վնաս են տվել պետությանը, քան՝ բարձրագույն կրթություն չունեցող մականունավոր պաշտոնյաները:

Բայց առավել ուշագրավն այս հարցում թեկնածու առաջադրող Արմեն Սարգսյանի պահվածքն է: Տպավորությունն այնպիսին է, որ նա միտումնավոր ամեն ինչ անում է ՍԴ դատավոր չընտրելու եւ այդ ընտրությունները ձգձգելու համար: Մեծ հաշվով՝ հայտնի էլ չէ, թե նա ինչպես, ինչ քննարկումների արդյունքում է որոշում, թե ում առաջադրի դատավորի թեկնածու, ինչպես եւ ինչ չափանիշներով է որոշումներ կայացնում: Թեեւ տրամաբանությունը հուշում է, պրոցեսն անիմաստ ձգձգելու փոխարեն, Սարգսյանը կարող էր քաղաքական բաց կոնսուլտացիաներ անցկացնել դատավորի հնարավոր թեկնածուի շուրջ: Սարգսյանը տրամաբանորեն պիտի որ հանդիպումներ անցկացներ խորհրդարանական խմբակցությունների հետ՝ նրանց պատկերացումները հասկանալու եւ բոլոր հանդիպումների արդյունքում կոնսենսուսային թեկնածու առաջադրելու համար՝ քննարկումների արդյունքում վստահություն ստանալով, որ վերջում առաջադրված թեկնածուն ընտրվելու է:

Փոխարենը Սարգսյանն ընտրել է ձգձգման մեխանիզմը՝ տպավորություն ստղծելով, որ այս հարցում ներքաղաքական համերաշխություն բերելու փոխարեն, կամա թե ակամա, նպաստում է այն բանին, որ Սահմանադրական դատարանում հնարավորինս երկար փոփոխություններ չլինեն, եւ թեկնածուների չընտրության հարցն էլ շահարկվի ընդդեմ իշխանությունների:

Ի՞նչ շահ է պրոցեսը ձգձգելուց ստանում Սարգսյանը՝ պարզ չէ, բացի քոչարյանական մամուլի կողմից դրվատական գնահատականների արժանանալուց:

Արմեն Սարգսյանը կարծես մոռացել է, որ ինքն ի վերջո երկրի նախագահն է, եւ իր թեկուզ ձեւական, բայց առաջնային խնդիրը՝ այսպիսի իրավիճակներում սուր անկյուները հարթելն է: Եւ ոչ թե անհասկանալի այնպիսի քայլեր անելը, որոնց արդյունքում տուժում են բոլորը՝ տուժում է երկիրը, ՍԴ-ն, հանրությունը: Փոխարենը շահում են «նախկինամերձ» վերլուծաբանները, որոնք վերջին շրջանում ձոներ են ձոնում Արմեն Սարգսյանին՝ իշխանություններին «ատամ ցույց տալու» համար, եւ նախկին իշխանությունները՝ հատկապես ՍԴ-ի հետ կապված վերջին աղմկահարույց իրադարձությունների համատեքստում:   

Պարգեւ Ապրեսյան