01.06.2019 17:43

Արսեն Գրիգորյան. «Վատ հոտի» երկրպագուն

Արսեն Գրիգորյան. «Վատ հոտի» երկրպագուն

Միշտ որոշակի վերապահումով եմ վերաբերվել «պետության քայքայում» կամ «գլորվում ենք անդունդը» ձեւակերպումներին, եթե դա ասում է քաղաքական գործիչը: Միշտ վստահ եմ եղել, որ սրանք սուր զգացումներ ունեցող մարդկանց խելքի բանն են: Այսինքն, մարգարեների:

Արմեն Աշոտյանին մարգարե չես ասի: Իսկ նա հայտարարում է, որ պետությունը մեկ դերասանի թատրոն է եւ հենց այդ պատճառով էլ քայքայվում է: Այսպիսի հայտարարության պատճառ է դարձել այն, որ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին: Իսկ այն, որ նախագահը մեծ հաշվով իր ինստիտուտի արժանապատվության մասին հայտարարություն է արել եւ ասել, որ չի կարող երկար շարունակվել ՍԴ դատավորի թեկնածուի փնտրտուքը, Աշոտյանի համար՝ հեչ:

Պետության քայքայման մասին խոսում է մարդ, որի կուսակցությունում չկար մեկը, որ չասեր՝ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Պետության քայքայման մասին է խոսում մարդ, որին «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ ուղարկում էին համապատասխան տեղը, որովհետեւ իրենց ներկայությունից պետությունը վատ էր բուրում: Սակայն Աշոտյանի հայտարարությունը թեմա չէր լինի, եթե իր էությամբ հենց «վատ հոտ» տարածելու նպատակ չունենար:

Ինչքան կարող է մարդ սխալվել, ես չգիտեմ: Ինքն էլ գիտի, որ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումով փակում ենք «տուն-տունիկի» թեման եւ սկսում գլխավոր արարը՝ պետության մեջ իրերի կոչումն իրենց անուններով:

Զարմանալիորեն մի քանի անգամ հեղափոխության ընթացքը արգելակելով եւ ՍԴ դատավորի այլ թեկնածուներ ներկայացնելով` այժմ թերեւս Սարգսյանը հասկացել է, որ պարտավոր է առաջադրել մի թեկնածուի, որն իր պրոֆեսիոնալ որակներով հանրության շրջանում լայն աջակցություն է վայելում:

Բայց եթե Վահե Գրիգորյանին էլ չառաջադրեր, ՍԴ-ն մեկ դատավոր պակաս կունենար եւ գուցե քայքայվեր այն տեսքով, որով առ այսօր այն երազում է տեսնել Արմեն Աշոտյանը: Որովհետեւ այս ՍԴ-ն նույնպես իր իշխանության ժամանակների ապօրինությունների մասին պատմելու բան ունի: Այս ՍԴ-ն լիքը ասելիք ունի 2008-ի նախագահի ընտրությունների օրինականությունը արտակարգ դրության պայմաններում ճանաչելու մասին: ՀՀԿ փոխնախագահը ձեւակերպումներ գիտի, բայց դրանք իրենց տեղում դնել չգիտի:

«Մեկ դերասանի թատրոնում» նույնիսկ խամաճիկներ չկան: Իսկ ժամանակակից Հայաստանի իշխանությունում երբեմն իշխանությունն ինքն է իր ազատամտության ձեռը կրակն ընկնում: Այսինքն, նոր իշխանությունն արդեն ունի չմանիպուլացվելու գիտակցում: Սա գոնե նոր Հայաստանի ձեռքբերումներից է, որի մասին կարող էր երազել նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ պաշտոնավարած ցանկացած վարչապետ: Աշոտյանը, վստահ եմ, ստամոքսի խանգարում էլ կունենա այն մտքից, որ այս իշխանության «թերությունները» ոչ մի կերպ չեն դառնում համազգային ղժժոցների թեմա. եթե պետք է, իշխանությունն ինքը նախապես կասի, որ «ղժժալու» բան ունի ասելու:

Արմեն Աշոտյանին կարելի է հասկանալ, կարելի է հասկանալ նրա ստամոքսի ցավը: Բայց աշխարհում այդպիսի ոչ մի ցավ դեռ չի բուժվել աճող նախանձով: Նախ սեփական նախանձդ սանձիր, մարդ: