03.06.2019 21:44

Արսեն Գրիգորյան. Դիվոտածները

Արսեն Գրիգորյան. Դիվոտածները

Եթե՝ անկեղծ, ես չգիտեմ ով է սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Ես նման անուն ազգանունով մի ավազակի գիտեի: Բայց այս մեկը, ոնց որ նա չէ: Բայց նրա խոսքը հրապարակում են քոչարյանական կայքերը: Նա ասում է՝ Վահե Գրիգորյանի առաջադրումը ՍԴ դատավորի պաշտոնում Սահմանադրության խախտում է: Վահե Գրիգորյանն ավելի վաղ կանխատեսել էր, որ իր դեմ սկսելու են հայհոյախոսության եւ զրպարտախոսության շքերթ: Այս մեկը ընդամենը այն մասին է, որ Վահեն ըստ օրենքի նոր թեկնածու չէ: Հասկանու՞մ եք, նոր թեկնածու չէ:

Ես չգիտեմ, թե ով ինչ նկատի ունի «նոր» ասելով, այս խորհրդարանը Վահե Գրիգորյանի դեմքը ամբիոնից տեսնելու է առաջին անգամ: Դա թեմա չէ: Վահե Գրիգորյանը հեղափոխության թեկնածուն է, ինչպես Հրայր Թովմասյանը հակահեղափոխության ՍԴ նախագահն է: Նոր ու հին այստեղ չկա: Հեղափոխությունն անցնում է, երբ իր բոլոր նպատակներն իրագործվում են, իսկ նպատակներն իրագործված չեն: Նույնիսկ անցումային արդարադատությունը դեռ իր խոսքը չի ասել:

Քոչարյանական լրատվամիջոցը գրում է՝ այս ԱԺ-ն երկու անգամ բաց թողեց բացառապես ապաքաղաքական ՍԴ ունենալու հնարավորությունը եւ հանձին Վահեի՝ կքաղաքականացվի: Երեւի Ֆելիքս Թոխյանն ու Հրայր Թովմասյանը ապաքաղաքականացումը մանկական կաթի հետ են կերել: ՍԴ-ն մինչեւ հիմա եւ նույնիսկ այս պահին, երբ իր խնամակալության տակ է վերցրել Ռոբերտ Քոչարյանին, մաքուր քաղաքական մարմին է: Հենց Վահեն է այդ մարմինը մաքրելու քաղաքականությունից, որովհետեւ Վահեն չծառայամտության կենդանի ներկայացուցիչ է, ինքը ընդդիմություն է եղել, ինքը իշխանությունից հալածվածների շահեր է պաշտպանել: Երբ ասում եք՝ քաղաքականացում, պիտի ցույց տաք մարդու շահը: Ես կարող եմ ասել, թե որն էր Հրայր Թովմասյանի շահը, երբ գործուղվեց ՍԴ: Նա դա ստացավ իր գրած Սահմանադրության դիմաց: Նա արդեն իսկ Հանրապետական էր, երբ Սահմանադրություն էր գրում, եղել է ՀՀԿ-ի քվոտայով արդարադատության նախարար, հետո պատգամավոր:

Դե դուք ասեք, որ Վահեն մարտի 1-ի համար է գործուղվում ԱԺ: Վահեն նույնիսկ հիմա իշխանությունում որեւէ պաշտոն չունի, նա իշխանությունից չի գործուղվում ՍԴ: Նա առաջադրվում է որպես անկախ փաստաբան, որը մարտի 1-ի գործով զոհերի հարազատների ներկայացուցիչ է: Դե ասեք, որ իշխանությունը քաղաքականացնում է մարտի 1-ը: Եթե 10 զոհի սպանության բացահայտումը քաղաքականացում է, ուրեմն դուք դիվոտած եք: Որովհետեւ Հրայրը գրում էր՝ իմանալով, որ ստանալու է էդ աթոռը, իմանալով, որ օրվա քաղաքական ղեկավարությունը փոխհատուցելու է իր աշխատանքի դիմաց: Վահեն նման բաներ չի իմացել, հույսեր չի ունեցել եւ պատրանքներ՝ նույնպես: Այսինքն, որեւէ շահի համար չի գնացել զոհերի հարազատների իրավունքների պաշտպանությանը: Սա ամենաիսկական ապաքաղաքական վարք է, որի օրինակը վերջին 20 տարվա Հայաստանում չունենք, երբ իշխանությունը որեւէ մեկին նշանակում էր դատավոր: Հաճախ նույնիսկ փաստաբաններն էին նշանակվում ըստ իշխանության քմահաճույքի: Իսկ Վահեն, ախր… Հրայր Թովմասյանը կալանավորված եւ ձերբակալված եղե՞լ է իր գիտակցական կյանքի ընթացքում: Ոչ: Ի՞նչ է նշանակում քաղաքականացված: Քաղաքականացված ես, երբ ծառայում ես նախապայմաններով: Ո՞րն է եղել Վահեի նախապայմանը զոհերի հարազատների կողքը կանգնելիս: Այն ժամանակ Փաշինյանը նոր էր մտնում քաղաքականություն: Այնպես որ քաղաքականացված թեկնածուին փնտրեք բոլորի մեջ, բայց ոչ Վահեի: