29.01.2013 02:53

Հակասահմանադրական դրույթներ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում

Հակասահմանադրական դրույթներ Սերժ  Սարգսյանի նախընտրական ծրագրում

«Ակտիվորեն համագործակցելու ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ՝ հայ ընտանիքի բարոյական նկարագրի պահպանման, մատաղ սերնդին անցանկալի ազդեցություններից զերծ պահելու և հայեցի դաստիարակություն տալու նպատակով»:

Սա հատված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի «Մշակույթ» բաժնից: 

Քաղաքացիական հասարակությամբ աշխարհիկ պետության ղեկավարի պաշտոնին հավակնող անձի նախընտրական ծրագրում նման դրույթի առկայությունը առնվազն տարակուսանք է հարուցում:
Համենայն դեպս, ՀՀ Սահմանադրության մեջ ՀՀ քաղաքացու «ընտանիքի բարոյական նկարագրին» եւ «մատաղ սերնդի դաստիարակությանը» միջամտելու եւ այդ փոխհարաբերությունները կարգավորելու լիազորություններ նախագահին (հոդվածներ 49-61) տրված չեն: Պաշտոնյան, իսկ տվյալ դեպքում երկրի նախագահը, կարող է գործել բացառապես օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակներում:  

Ավելին, Մայր օրենքի մի շարք հոդվածներ, ըստ էության, վկայում են Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում տեղ գտած այս դրույթների հակասահմանադրականության մասին: Մասնավորապես, Սահմանադրության 23-րդ հոդվածն ամրագրում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը»:
Ծնողները (եւ ո՛չ որեւէ պաշտոնյա-խմբ.) իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար (Հոդված 36):
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը (Հոդված 26):
Ինչպես տեսնում ենք՝ ոչ բարոյական նկարագրի եւ ոչ էլ հայեցի դաստիարակության մասին խոսք Սահմանադրության ոչ այս, ոչ էլ՝ այլ հոդվածներում չկա: Իսկ նախագահը, ինչպես եւ բոլոր մյուս պաշտոնյաները, ինչպես արդեն նշեցինք, պարտավոր է իրականացնել բացառապես այնպիսի գործողություններ, որոնց իրականացման համար լիազորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով:

Ավելին, եթե ուշադիր կարդանք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, ապա կտեսնենք՝ բացի այն, որ Սարգսյանը ակնհայտորեն նախագահի լիազորությունները գերազանցող դրույթներ է ներառել այնտեղ, նաեւ այնպիսի կետեր է ներկայացրել, որոնք ոչ թե նախագահի թեկնածուի ծրագրում պետք է լինեն, այլ՝ ավագանու անդամի կամ քաղաքապետի թեկնածուի, կամ որեւէ նախարարի աշխատանքային ծրագրում կարող էին լինել: 

Ահավասիկ. «Նոր թափ ենք հաղորդելու Երևանի ավտոճանապարհների և հանգույցների շինարարությանը, որով կթեթևանա Երևան քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Այլ քաղաքներում ևս ավելացնելու ենք ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի իրականացման տեմպերը:

 

Նորացնելու և արդիականացնելու ենք հասարակական տրանսպորտը:  .. Անասնապահության ցուցանիշների էական բարելավումը կպայմանավորվի տոհմային երինջների ներկրմամբ և սելեկցիայի առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ»:

Այն, որ Սերժ Սարգսյանը սիրում է իր հակասահմանադրական գործողությունները քողարկել կամ համեմել «սահմանադրական»  բառապաշարով, նորություն չէ: Նորությունը թերեւս այն է, որ այժմ Սերժ Սարգսյանը գրավոր տեքստերում է արդեն խառնել իրար այն ամենը, թե ինչ կարող է ինքը անել, եւ ինչ չի կարող անել:

Նախ, հիշեցնենք, որ Հայաստանն ամեն դեպքում Թուրքմենստանը չէ, (որքան էլ Սարգսյանը երազի դրա մասին), որպեսզի իշխանությունները միջամտեն մարդկանց անձնական կյանքին, եւ որոշեն, թե ով ինչպես պետք է ապրի: Եւ երկրորդ, Հայաստանը կրկին Թուրքմենստան չէ, որ երկրի նախագահի պաշտոնին հավակնող անձը ներկայացնի մի այնպիսի ծրագիր, որով ինքը երկրում բոլոր հարցերը  կարգավորելու հայտ է ներկայացնում՝ եւ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակներում, եւ այդ շրջանակներից դուրս, եւ նաեւ այնպիսի հարցերի, որոնց պատասխանատուները այլ պաշտոնյաներ են՝ մարզպետներ, նախարարներ, քաղաքապետներ, համայնքապետներ եւ այլն:

Այնպես որ, կարող ենք արձանագրել, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը հակասահմանադրական դրույթներ պարունակող ծրագիր է: Սարգսյանը, իհարկե, շատ է սիրում խոսել այն մասին, թե որքան արագ տեմպերով է ինքը Հայաստանը տանում դեպի ժողովրդավարություն եւ ազատություններ, սակայն, նրա նախընտրական ծրագրի թեթեւակի վերլուծությունը արդեն իսկ բավարար է՝ համոզվելու համար, որ Սարգսյանը նախատեսում է Հայաստանը հասցնել շատ ավելի ծանր վիճակի, քան դա արել էր անցած 5 տարիների ընթացքում: