04.06.2019 12:04

Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու թույլտվություն է տվել

Պրահայի դատարանը Նարեկ Սարգսյանին Հայաստանին արտահանձնելու թույլտվություն է տվել

Չեխիան կարող է Հայաստանին արտահանձնել Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին: Հայտնում է «Ազատություն»-ը: Արտահանձնելու թույլտվությունը, ըստ չեխական Tyden պարբերականի, տվել է Պրահայի դատարանը անցած շաբաթ: Այս հարցով վերջնական որոշումը, այդուհանդերձ, պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է անցած տարի դեկտեմբերին Պրահայում՝ Ինտերպոլի և չեխական ոստիկանության աշխատակիցների կողմից: Իրավապահներին նա ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալեսի անունով և կեղծ անձնագրով։

Նարեկ Սարգսյանը Հայաստանում մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար: