05.06.2019 18:45

Սուդանում ցույցերը ցրելու ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի

Սուդանում ցույցերը ցրելու ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի

Սուդանի մայրաքաղաք Հարթումում վրանային ավանը ցրելու ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի, հաղորդել են Սուդանի բժիշկների ընդդիմադիր կոմիտեում:

Ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհերի մասին: Չորեքշաբթի գիշերը կոմիտեն հաղորդել էր, որ զոհերի թիվը 50-ն է: «Եվս տասը հոգի զոհվել է ռազմական խորհրդի արձակած գնդակներից… Այդպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը դառնում է 60»,- ասվում է Սուդանի բժիշկների ընդդիմադիր կոմիտեի հայտարարության մեջ, որը տեղադրվել է Facebook-ում:

Երկուշաբթի առավոտյան Հարթումի կենտրոն են բերվել հատուկ նշանակության ուժեր, որոնց առջև խնդիր է դրվել ցրել պաշտպանության նախարարության և Սուդանի բանակի կենտրոնակայանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին: Հաղորդվել է, որ այդ գործողությունների արդյունքում սպանվել է առնվազն 30 մարդ:

Մինչդեռ Սուդանի զինվորականները հերքում են, թե ուժ են կիրառել ցուցարարների դեմ:

Ապրիլին Սուդանում ռազմական հեղաշրջում էր տեղի ունեցել, նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվել էր: Հեղաշրջումից հետո երկրում շարունակվում են զանգվածային ցույցերը՝ իշխանությունը քաղացիական մարմիններին փոխանցելու պահանջով:

Փոխանցում է Interfax-ը: