05.06.2019 19:19

Շղթան կշարժվի. Ներքեւից վերեւ

Շղթան կշարժվի. Ներքեւից վերեւ

Մարտի մեկի սպանդի գործով ՀՔԾ վերջին բացահայտումը իրապես շոկային էր: Որքան էլ տեսականորեն պարզ էր, որ նման զարգացումներ հնարավոր են, այդուհանդերձ, շոկային էր՝ մեղմ ասած:

Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ  ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Գեղամ Պետրոսյանն այն անձն էր, որ տարիներ առաջ Փաստահավաք խմբի անդամների հարցերին պատասխանելիս (ընդ որում՝ տեսախցիկի առջեւ) հայտարարում էր, թե եկել է լռելու համար,  թե ինչ որ արել են՝ արել են օրենքի սահմաններում, իսկ թե ինչ են արել կոնկրետ՝ չէր ասում, եւ որ հրամանները չեն քննարկվում:

Բայց այս զարգացումն էական է ոչ միայն կոնկրետ սպանությունների բացահայտման, այլեւ այդ օրերին ամբողջ տեղի ունեցածի բացահայտման համատեքստում:

Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով առանցքային մեղադրյալ համարվող Ռոբերտ Քոչարյանն ու նրան սատարողները հատկապես նրան մեղադրանք առաջադրելուց հետո, պարբերաբար, նույն քարոզչական գիծն են առաջ տանում, այն է՝ եթե ցանկանում եք բացահայտել մարտի մեկը, ապա բացահայտեք սպանությունները, այսինքն՝ կրակողներին, իսկ մնացածը մարտի մեկի հետ կապ չունի:

Այսինքն, տեսությունը սա է՝ այն ժամանակ ամեն ինչ ճիշտ է արվել իրենց կողմից, եւ միայն որոշ հետեւանքներ են, որ պետք է բացահայտել՝ ներքեւի մակարդակով՝ սպանությունները՝ սպանություններ գործած անձանց:

Սա իրենց տեսության հիմքն էր, որպեսզի կորսվեր պատճառահետեւանքային կապը: Բացահայտումներն սկսել եւ ավարտել միայն ներքեւից՝ վերեւին չհասնելու համար: Բոլորին էլ ակնհայտ է, սակայն, որ ներեւի օղակներում տեղի ունեցածը բացառապես հետեւանքն է վերեւինների գործողությունների, եւ որքան էլ խիստ անհրաժեշտ է գտնել բոլոր կատարողներին ներքեւի օղակներում՝ անհրաժեշտ է շղթան թափահարել այնպես, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է եղել շղթայական ռեակցիան՝ ով ինչ հրաման է տվել: Ինչպես են հրամանները հասել միջին օղակներին եւ ապա՝ ամենաներքեւիններին:

Սակայն առանցքային մեղադրյալի կողմնակիցները այնպես խիստ էին պնդում բացառապես ներեւքի կատարողներին գտնելու թեզը, ասես վստահ էին, որ որեւէ մեկին գտնել հնարավոր չի լինելու, եւ հետեւաբար՝ շղթան ներքեւից վերեւ թափ տալու հնարավորություն եւս: Երեւի սա էր նրանց ակնկալիքը, հատկապես, երբ պաշտոնապես հրապարակվեց, որ մինչեւ 2018 թվականը գործի բացահայտմամբ զբաղվող քննչական խումբը զբաղված է եղել ոչ թե բացահայտմամբ, այլ կոծկմամբ, ապացույցներ փոխելով եւ կեղծելով:

Բայց երեկվա բացահայտումը քանդեց հիմնական մեղադրյալի քարոզչական թեզի եւ ակնկալիքի վերջին սյունը: Որովհետեւ եթե հնարավոր եղավ անգամ այս պայմաններում գտնել մեկին, ապա հնարավոր կլինի գտնել նաեւ մյուսներին: Ու այստեղ ահա հարց է ծագում. տեսականորեն իքս ուժայինը կամ անձը, որը ինչ-որ մեկի հրահանգով կարկել է մարտի մեկին, եւ բացահայտվել է նրա արարքը, ի՞նչ շահ ունի այլեւս լռելու եւ ծանրագույն պատասխանատվության ամբողջ բեռն իր ուսերին վերցնելու, ի՞նչ շահ ունի նա կամիկաձե դառնալու: Ոչ մի: Անգամ եթե ինչ-ինչ տեղերից դրամական առումով շահեկան առաջարկներ ստանա: Կարեւորն առաջինին գտնելն է: Մնացածն արդեն շղթայական ռեակցիայի հարց է: Առաջին գնացողն իր հետ կտանի նաեւ իրենից վերեւ գտնվողներին:

Որովհետեւ մի բան է, երբ իրավապահները ուղիղ հարցնում են պոտենցիալ հրաման տվողներին՝ դո՞ւք եք հրամայել կատարել այս կամ այն գործողությունը, եւ նրանք, բնականաբար, հերքում են՝ պնդելով, թե որեւէ հրաման չի եղել, ոչ  մի բանից տեղյակ չեն, եւ ներքեւինները գործել են ըստ իրավիճակի թելադրանքի: Վերեւինների համատարած հերքումները աշխատում են, քանի դեռ այդ ներքեւինները իդենտիֆիկացված չեն, եւ ներքեւինները միայն ամորֆ ամբողջականություն են՝ անանուն, անսեռ ու անդեմ:

Բայց երբ նրանք այլեւս մարմնավորվում են, ստանում անուն, նրանք կանգնում են ընտրության առաջ՝ արդյո՞ք նրանք պիտի այլոց ավելի մեծ պատասխանատվությունն արյան հարցում վերցնեն իրենց վրա, թե՞ վերջապես շարժեն շղթան: Բանականությունը հուշում է, որ տեղի կունենա վերջինը, ուրիշի քաղաքական եւ, բնականաբար, տնտեսական շահերի համար որեւէ մեկը չի ցանկանա ինքնազոհողության գնալ եւ լռել՝ իրեն բաժին հասցնելով պատասխանատվությունը, ավելի մեծ մեղավորներին՝ դրա տնտեսական հետեւանքները եւ շահը:

Պարգեւ Ապրեսյան