06.06.2019 13:32

Արսեն Գրիգորյան. Դահիճները

Արսեն Գրիգորյան. Դահիճները

Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքն իր ազդեցությամբ հավասար էր մարտի 1-ի առաջին զոհի մասին տեղեկությանը: Տարօրինակ զուգադիպությամբ՝ նույն օրը Գեղամ անունով մեկ ուրիշը կանգնեց եւ տեսախցիկների առաջ հայտարարեց, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ինքն է ծեծել:

Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն ասում է, որ, բնականաբար, ինքը չի ծեծել, նրա հայտարարությունը քաղաքական ակցիա էր «անհանդուրժողականության մթնոլորտը թոթափելու համար»: Բայց 9 տարի առաջ փաստահավաք խմբին նման մի բան էր ասում նաեւ Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը: Նա այդպես էլ ասում է՝ կրակում էինք ժողովրդի վրա, որ ցրվեն: Բոլորը դարձել են դատաստանիչներ: Գեղամ Պետրոսյանի  անպատժելիության օրոք երկիրը հենց մարդասպանների ձեռքին էր:

Ո՞րն է Գեղամ Մանուկյանի խաղադրույքը, երբ օրը ցերեկով մարդ է ծեծում (հիշում եմ, որ ինքը չի ծեծել, բայց ինքը, փաստորեն, պաշտպանում է ծեծողին, նա կիսում է ծեծողի պատասխանատվությունը): Նա ուզում է ասել, որ իրենց դա կարելի՞ է: Որ Սերժի հեռանալով իրենք, այնուամենայնիվ, պահպանե՞լ են հաշվեհարդարի իրավունքը: Այդպես չի լինում: Եվ ի՞նչ հերոսանալու բան է մարդ ծեծելը: Էս ի՞նչ տղայականություն է: Արարքի ինտելեկտուալ ազդակը ո՞րն է՝ որ Վարդան Հարությունյանը «վեր ընկնի տե՞ղը», այլապես Գեղամ Պետրոսյանը ոտքի կկանգնի ու գործի կդնի ժամկետանց ու մահաբեր չերյոմուխանե՞րը: Սա ի՞նչ հակապետական զգոնություն է՝ անպայման ինչ-որ բան փչացնել այս երկրում: Թե՞ Գեղամ Մանուկյանը երկիրը վարի տալուց հետո գնալու տեղ ունի: Գուցե: Բայց մենք գնալու տեղ չունենք: Եթե դա իր խնդիրը չէ, մենք խորը անհամաձայնության մեջ ենք: Մեզնից մեկով պետք է զբաղվել: Իմ խաղադրույքը Հայաստանի Հանրապետությունն է:

Ո՞րն է Գեղամ Մանուկյանի խաղադրույքը: Ինչու՞ նա չի դատապարտում ծեծը: Պատասխանը պարզ է եւ այնքան էլ նրա դաշնակցական լինելու մեջ չէ: Ինքը չի մեծացել: Նրա արժանապատվությունը թաղային է: Ինչպես Գեղամ Պետրոսյանի արժանապատվությունը ծառայամտությունն է՝ սպանեմ, որ գոյատեւեմ, դահճի մենթալիտետն է նրա արժանապատվությունը: Հենց սա էլ ընդհանրացնում է երկու Գեղամներին: Վերջնարդյունքում երկուսն էլ դահիճ են: Ու երկուսին էլ ժամանակին «հայրություն» է արել ո՞վ: Ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանը: Գեղամ Պետրոսյանը «որդիական» էդ «նվիրվածության» համար հիմա պատասխան է տալու: Նա արդեն ձերբակալված է: Գեղամ Մանուկյանը դեռ ժամանակ ունի դիրքավորվելու պետության մեջ: Բայց դահճի պատմուճանից պիտի ազատվի: Որովհետեւ սա պետություն է, գրողը տանի: Եվ այստեղ չի կարող ինչ-որ մեկը մյուսին ծեծել միայն այն պատճառով, որ իրեն դուր չեն եկել անձամբ ոչ իրեն ուղղված գնահատականները ազգային եւ հոգեւոր արժեքների մասին: