06.06.2019 15:12

Ավակովի հրաժարականի պահանջով հանրագիրը հավաքել է անհրաժեշտ ձայները

Ավակովի հրաժարականի պահանջով հանրագիրը հավաքել է անհրաժեշտ ձայները

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջով հանրագիրը, որ տեղադրված է երկրի նախագահի կայքի «Էլեկտրոնային հանրագրեր» բաժնում, հավաքել է քննարկման համար անհրաժեշտ 25 հազար ձայնը:

Հանրագիրը հրապարակվել է հունիսի 2-ին, նրա հեղինակը Ռոման Վասիլենկոն է:

Ավակովին պաշտոնանկ կարող է անել Գերագույն ռադան, դրա համար պետք է քվեարկի առնվազն 226 պատգամավոր:

Ավակովի պաշտոնանկության պահանջը ծագել է հնգամյա երեխայի սպանությունից հետո, որին գնդակահարել էին հարբած ոստիկանները:

Մայիսի 31-ին հնգամյա երեխան հայտնվել էր հիվանդանոցում գանգուղեղի ծանր վնասվածքով: Երեխան վիրավորվել էր իրենց տան բակում խաղալիս: Պարզվել էր, որ պարեկային ոստիկանության երկու աշխատակիցներ, ծառայության մեջ չլինելով, որոշել էին մի քիչ կրակել մետաղյա տարաների վրա: Արդյունքում՝ մի քանի փամփուշտ կպել էր մանկական խաղահրապարակում խաղացող երեխային: Հունիսի 3-ի երեկոյան երեխան մահացել էր հիվանդանոցում:

Ոստիկանների նկատմամբ քրեական գործ է հարուցվել կանխամտածված սպանության մեղադրանքով: Նրանց սպառնում է ազատազրկում, ընդհուպ՝ ցմահ:

Փոխանցում է Interfax-ը: