07.06.2019 14:46

Լիզա Ճաղարյան. Ստի՞...

Լիզա Ճաղարյան. Ստի՞...

Սկսեմ Ֆեյսբուքից։

«Խաղաղասեր բարեկիրթները» եւ համահարթեցման դրոշակակիրները ստում են եւ ի դեպ՝ անամոթաբար։ Ինչու՞ անամոթաբար։ Որովհետեւ իրենք էլ գիտեն, որ ստում են, իրենք էլ գիտեն բոլորիցս լավ կամ բոլորիս չափ, որ Ֆեյսբուքի ստեղծման օրից այս տարածքում հնչել են բռնության կոչեր, սպառնալիքներ, հայհոյանքներ, տարածվել են լկտի կեղծիքներ ու հերյուրանքներ։

Հնչում են նաեւ հիմա։ Բոլո՛ր կողմերից։ Գուցե գտնվեն մեկ-երկու քաղաքական ուժեր, որոնք կհակադարձեն, որ իրենց համակիրների շարքերում զազրախոսներ չկան։ Սա հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե այդ ուժի համակիրների թիվը չափազանց համեստ է, եւ այստեղ կարողանում են վերահսկել իրենց համախոհների վարքագիծը։ Մնացած դեպքերում վերահսկել ֆեյսբուքյան զազրախոսությունները՝ անհնար է։ Ողջ աշխարհում է անհնար։ Ամենաքաղաքակիրթ, ամենաժողովրդավար երկրներից սկսած՝ միջնադարյան վարքուբարքով ապրողներով ավարտած։

Հիմա ավելի շա՞տ են հնչում։ Սա էլ է բնական։ Հները տապալված են, նորերը ոգեւորված են։ Տապալվածները լկտիաբար չափուսահմանն անցնում են, որովհետեւ ատելությունից ու անզորությունից փրփրակալած են, որովհետեւ պատասխան չունեն իրենց ուղղված ծանր մեղադրանքներին եւ ընտրել են «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» անճարակ մարտավարությունը, իսկ նորերի համակիրներն էլ ատում են այս փրփրակալածներին եւ նրանց ցանկացած հոխորտանք ցավագին են ընկալում՝ սարսափով պատկերացնելով, որ սրանք վերադառնալու միտք ունեն, եւ որքան էլ սրանց վերադարձի ցանկությունը հեքիաթի ժանրից թվա, նորերը նույնիսկ այդ «հեքիաթը» չեն հանդուրժում, որովհետեւ երկար ժամանակ է պետք՝ տարիներով կուտակված ատելությունը պարպելու համար։

Շարունակելու են հնչե՛լ։ Որովհետեւ ոչ մի իշխանություն, ոչ մի քաղաքական, նույնիսկ ամենակարող թվացող ուժ չի կարող վերահսկել այնպիսի ազատ տարածքը, ինչպիսին Ֆեյսբուքն է, որտեղ հավաքված են բոլոր խավերի, բոլոր մակարդակների օգտատերեր, նույնիսկ այբուբենը մինչեւ վերջ չհաղթահարածները՝ սրանից բխող հասկանալի հետեւանքներով, որոնցից մեկն էլ սա է՝ ինչքան քիչ բան գիտես, այնքան ինքնավստահ ու ամբարտավան ես։

Առավել եւս՝ չեն կարող կասեցնել հարյուրավոր սնկի պես աճած կայքերի տեքստերի տակ հեղեղի պես հոսող աղբի սելավը։ Շա՛տ եք ուզում կասեցնել, փակեք «Մեկնաբանություններ» կոչեցյալ ծառայությունը, կարծեմ թե այդ «կոճակը» ձեր ցուցամատի տակ է։

Վիրտուալ աշխարհից դուրս գանք եւ տեսնենք՝ ինչ է կատարվում իրական կյանքում։ Այլեւս չենք տեսնում ոստիկանական ջրցան մեքենաներ, մահակներ, պատժիչ ջոկատներ, քաղաքացիական հագուստով ավազակախմբեր։ Ով որտեղ ցանկանում է՝ բողոքի ակցիա ու հանրահավաք է կազմակերպում։ Հնչում են նաեւ անթույլատրելի կոչեր։ Հակասորոսական ոմն անադեկվաԴ՝ ժամանակին ցուցարարներին գազանաբար ծեծող ու հայհոյող բազազների հետ «ազգի փրկությամբ» է զբաղված մի գրասենյակի առաջ, որը Հայաստանում գործում է 1997 թվականից, բայց սրանք նոր են գլխի ընկել, որ այս գրասենյակում «ազգի կործանման» դավեր են նյութվում, եւ օրումեջ Հայաստանի հասարակությունը եթերում «վայելում է» ժողթատրոնի մակարդակի սրանց լպիրշ թամաշաները։ Ազատության հրապարակում մի քանի տասնյակ համախոհներով «հանրահավաքներ» են անում ե՛ւ իրենց իշխանության աջակիցներ հայտարարողները, ե՛ւ իշխանության հակառակորդները։ Ինքնաբուխ հանրահավաքները միշտ էլ անկառավարելի են եղել, որովհետեւ խոսափողին մոտենում է ով պատահի եւ ասում է այն ամենը՝ ինչ գիտի կամ իրեն թվում է, որ գիտի։

Ոստիկանությունն ընտրովի՞ է պատժում՝ հօգուտ իշխանության աջակիցների։ Մեծ սուտ է։ Ոստիկանությունը ոչ մեկի չի պատժում։ Ալարելով ու հորանջելով ոստիկանական բաժանմունք է հրավիրում կամ բերման է ենթարկում ե՛ւ իշխանության հակառակորդներին, ե՛ւ այսպես կոչված՝ աջակիցներին, իսկ դրանից հետո բոլորն էլ ազատ են արձակվում։

Իշխանության «ջոկողական» վերաբերմունքի որեւէ օրինակ կարո՞ղ են հիշեցնել ընդդիմախոսները, որեւէ լպիրշ հակաիշխանական ազատազրկվա՞ծ է այս պահին։ Վարդգես Գասպարիին մարմնական վնասվածք հասցնող ռոբական հեռուստաալիքի տնօրենը գեթ մեկ օր բանտախցում նստե՞ց։ Բազմաթիվ ԶԼՄ-ներով իշխանություններին բացահայտ սպառնալիքներ հնչեցնող, Հոկտեմբերի 27-ի կրկնության մասին բացահայտ ակնարկներ անող Գառնիկ Իսագուլյանը գեթ մեկ անգամ պատասխանատվության կանչվե՞ց։ Շարունակե՞մ թվարկել։ Երեւի չարժե։ Եթե շատ խորանանք, ձեզ չի՞ թվում, որ պարզվելու է՝ եթե իշխանությունը ընտրովի վերաբերմունք է ցուցաբերում օրինախախտների նկատմամբ, ապա այդ «ընտրովիությունը» հօգուտ հակաիշխանականների է։

Կարող եմ հանգիստ խղճով ասել՝ այո, հօգուտ հակաիշխանականների է, բայց «մեծահոգաբար» ասում եմ՝ այսօրվա ոստիկանությունը խղճալիորեն անվճռական է. երեւի տարիներ շարունակ այնքան է վարպետացել խաղաղ եւ ոչ մի ապօրինի արարք չկատարած ցուցարարներին բաժանմունքներ քարշ տալու, ծեծելու ու խոշտանգելու գործում, որ հիմա չգիտի՝ ինչպես վարվել մեղավորների հետ։

Այնպես որ՝ կեղծ ու էժանագին վայնասունը, թե աջակից օրինախախտներին գուրգուրում են, իսկ հակաիշխանականներին շամփրի վրա խորովում, «իրեք մանեթանոց» բայաթու տպավորություն է գործում հասարակության վրա։