07.06.2019 16:48

Սաակաշվիլին մերժել է «Удар» կուսակցությանն անդամակցելու՝ Կլիչկոյի առաջարկը

Սաակաշվիլին մերժել է «Удар» կուսակցությանն անդամակցելու՝ Կլիչկոյի առաջարկը

Կիևի քաղաքապետ և«Удар» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հաստատել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, թե Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է իր կուսակցության ղեկավարը դառնալու առաջարկից: Այդ առնչությամբ Կլիչկոն հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարվել իր քաղաքական ծրագրերից:

«ՖԲ-ում կարդում եմ Սաակաշվիլիի հետ մեր միության մասին լուրերը: Առանց հույզերի. ես իմ քայլն արեցի: … Ես իմ քաղաքական պլանները չեմ փոխում» ,- այսօր Facebook-ում գրել է Կլիչկոն: Նա նշել է, որ իր առաջարկով ցանկացել է «ծանր իրավիճակում» սատարել Սաակաշվիլիին՝ չնայած այն բանի, որ քաղաքապետի կուսակցության շատ կողմնակիցներ «միանշանակ չեն ընդունել այդ գաղափարը»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին Սաակաշվիլիի շրջապատից, տեղեկացրել են, որ նա հրաժարվել է  Ուկրաինայի գերագույն ռադայի ընտրություններին  «Удар» կուսակցության հետ միասին մասնակցելու, ինչպես նաև քաղաքապետի կուսակցությունը ղեկավարելու՝ Կլիչկոյի առաջարկից:

Ռադայի ընտրությունները նախատեսված են հուլիսի 21-ին:

Փոխանցում է tass.ru-ն: