10.06.2019 11:44

Մոլդովայի սահմանադրական դատարանը պաշտոնից հեռացրել է նախագահ Դոդոնին

Մոլդովայի սահմանադրական դատարանը պաշտոնից հեռացրել է նախագահ Դոդոնին

Մոլդովայի սահմանադրական դատարանը ժամանակավորապես նախագահի պաշտոնից հեռացրել է Իգոր Դոդոնին և երկրի վարչապետ Պավել Ֆիլիպին նշանակել է պետության ղեկավարի պաշտոնակատար։

Դատարանը նման որոշում է կայացրել Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորների հայցով և դա բացատրել է նրանով, որ նախագահը հրաժարվել է հրամանագիր ստորագրել խորհրդարանի լուծարման վերաբերյալ և կատարել ՍԴ որոշումը։ Ըստ այդ որոշման՝ նախագահը պարտավոր էր արձակել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել, եթե ընտրությունների արդյունքները հայտարարելուց երեք ամիս անց խորհրդարանը չկարողանար նոր կառավարություն ձևավորել։ Ըստ ՍԴ որոշման՝ երեքամսյա ժամկետը լրանում էր հունիսի 8-ին։ Այնուհանդերձ, իշխող Սոցիալիստների կուսակցության պատգամավորները շաբաթ օրը խորհրդարանի նիստ են հրավիրել, ընտրել խորհրդարանի ղեկավար, հաստատել կառույցները և նոր կառավարության կազմը՝ վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ։ Նույն օրն իսկ ՍԴ-ն այդ որոշումն անօրինական է ճանաչել։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Պավել Ֆիլիպը պետք է արձակի խորհրդարանը, ինչը և նա արել է կիրակի օրը։ «Մենք մյուս կուսակցություններին կոչ ենք անում չկառչել պաշտոններից, այլ ենթարկվել ժողովրդի կամքին։ Նույն կոչով դիմում ենք նաև Մոլդովայի նախագահին»,- լրագրողներին հայտարարել է Ֆիլիպը։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից բացի՝ այլ ելք չկա։

РИА Новости-ի հետ զրույցում Իգոր Դոդոնը հայտարարել է, թե դատարանի որոշումն ուղղված է «իշխանության հետագա ուզուրպացմանը»։ Facebook-յան իր էջում հեռացված նախագահը գրել է, որ մտադիր է դիմելու միջազգային հանրությանը՝ կոչ անելով միջնորդ դառնալ իշխանության խաղաղ փոխանցման հարցում, ինչպես նաև երկրի քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել Դեմոկրատական կուսակցության՝ կիրակի օրը կազմակերպած ակցիաներին։

Նախօրեին Մոլդովայի խորհրդարանը հայտարարություն է հրապարակել, որում երկիրը հայտարարել է «զավթված պետություն»։ Շաբաթ օրը Եվրամիությունը երկրի իշխանություններին զսպվածության և հանդարտության կոչով է հանդես  եկել ։

Փոխանցում է BBC-ն։