10.06.2019 14:16

Մոլդովայի բանակը մտադիր չէ միջամտելու երկրում քաղաքական ճգնաժամին

Մոլդովայի բանակը մտադիր չէ միջամտելու երկրում քաղաքական ճգնաժամին

Մոլդովայի ազգային բանակը մտադիր չէ միջամտելու երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ազգային բանակը շարունակում է գործել սովորական ռեժիմով, չի մասնակցում ճգնաժամին և դուրս է մնում քաղաքական խաղերից»,- ասված է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ սահմանադրության համաձայն՝ «զինված ուժերը ենթարկվում են բացառապես ժողովրդի կամքին՝ երկրի ինքնիշխանությունն ու միասնականությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանադրական դեմոկրատիան պաշտպանելու համար»։

Նշվում է նաև, որ ըստ օրենսդրության՝ պաշտպանության ղեկավարությունը «պետության սահմանադրական իշխանությունների բացառիկ և անկապտելի հատկանիշն է, և քանի դեռ երկրում քաղաքական իրավիճակի հստակ համոզմունք չկա, Ազգային բանակը ենթարկվում է միմիայն սահմանադրական կարգին»։

Փոխանցում է tass.ru-ն։