11.06.2019 11:00

Գոլունովի գործը. Կրեմլը զիջումների՞ է գնում

Գոլունովի գործը. Կրեմլը զիջումների՞ է գնում

Լրագրող Իվան Գոլունովի փաստաբան Սերգեյ Բադամշինը տեղեկացրել է, որ «Մեդուզայի» լրագրողի բնակարանից բռնագրավված ոչ մի առարկայի վրա նրա մատնահետքերը չեն հայտնաբերվել:

Կիրակի օրը նաև հայտնի էր դարձել, որ ՆԳՆ փորձագետները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետքեր չեն հայտնաբերել լրագրողի ձեռքերի ստուգողական քննության արդյունքում:

Այն նյութերի փորձաքննությունը, որոնք, ոստիկանության հայտարարության համաձայն՝ հայտնաբերվել էին Գոլունովի մոտ, ավարտվելու է երեքշաբթի, օրվա երկրորդ կեսին: Ոստիկանության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ փաթեթների վրա հայտնաբերվել են մի քանի հոգու մատնահետքեր:

«Проект» պարբերականը, հղում անելով Կրեմլի անանուն աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանի իշխանություններն ուզում են Գոլունովի գործն ամեն կերպ ավարտին հասցնել մինչև հունիսի 20-ը: Այդ օրը նշանակված է նախագահ Վլադիմիր Պուտինի «ուղիղ կապը»: Պարբերականի մեկ այլ աղբյուր՝ ուժային կառույցներից, կասկած է հայտնել, թե Գոլունովին կարող են այդքան արագ ազատ արձակել, սակայն նաև նշել է, որ ոստիկանությունը «Մեդուզայի» հատուկ թղթակցի մեղավորության համոզիչ ապացույցներ չի ներկայացրել:

Ըստ Guardian-ի՝ «Կրեմլը զիջումների է գնացել բողոքի ցույցերից հետո»:

«Մենք էլ ենք Իվան Գոլունովը,- գրել է լոնդոնյան Times-ը:- Ի շահ բոլորի,  ու նաև, առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքացիների, լավ  կլիներ, որ Գոլունովի վրայից հանեին մեղադրանքները: Նա պետք է ազատ աշխատի՝ մերկացնելով կոռուպցիան ռուսաստանյան իշխանության վերին օղակներում»:

Փոխանցում է BBC-ն: