12.06.2019 11:34

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են հրապարակային մահապատժի հարյուրավոր հրաձգարաններ

Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել են հրապարակային մահապատժի հարյուրավոր հրաձգարաններ

Հարավկորեական ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ իրեն հաջողվել է  Հյուսիսային Կորեայում  հայտնաբերել 318 վայրեր, որտեղ տեղի են ունենում ռեժիմին անհաճո մարդկանց հրապարակային մահապատիժներ:

Transitional Justice Working Group իրավապաշտպան կազմակերպության աշխատակիցները վերջին չորս տարում զրուցել են Հյուսիսային Կորեայից փախած 610 մարդու հետ:

Կազմակերպությունը փաստաթղթավորել է արդեն տասը տարի շարունակվող մահապատիժները, հաճախ՝ այնպիսի զանցանքների համար, ինչպես կով գողանալն է կամ հարավկորեական հեռուստածրագրեր դիտելը:

Հարավկորեական կազմակերպության խոսքով՝ մահապատիժները հաճախ կատարվում են գետափերին, դաշտերի, շուկաների, դպրոցների և մարզադաշտերի հարևանությամբ:

Իր զեկույցում կազմակերպությունը գրում է, որ մահապատիժները դիտելու համար այդ վայրերում հավաքվում են հազարից ավելի մարդիկ: Զեկույցը հրապարակվել է երեքշաբթի:

Փոխանցում է BBC-ն: