12.06.2019 13:11

Զանգվածային ցույցեր Հոնկոնգում

Զանգվածային ցույցեր Հոնկոնգում

Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ արգելափակելով երթևեկությունը քաղաքի կենտրոնում:

Ցուցարարները բողոքում են արտահանձնման վերաբերյալ օրենքում փոփոխությունների դեմ, որոնց քննարկումը խորհրդարանում սկսվել է չորեքշաբթի: Դրանք ընդունելու դեպքում մի շարք հանցագործություններում կասկածվող անձանց կարող են հանձնել մայրցամաքային Չինաստանին, ինչն այս պահին թույլ չի տրվում:

Ընդդիմությունը մտավախություն ունի, որ արտահանձնման սպառնալիքի տակ կհայտնվեն այլախոհները:

Ավելի վաղ Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լեմը հայտարարել է, որ ինքը չի գործում Պեկինի թելադրանքով, և որ օրենքի փոփոխությունները պետք է ընդունվեն:

Կիրակի օրը բողոքի ցույցին, կազմակերպիչների տվյալներով, մասնակցել է առնվազն մեկ միլիոն մարդ: Ոստիկանության տվյալներով՝ այդ թիվը քառակի ուռճացված է: Այնուհանդերձ, այդպիսի զանգվածային ակցիաներ Հոնկոնգում չեն եղել 1997 թ. Մեծ Բրիտանիայի ենթակայությունից ՉԺՀ-ի իրավազորության տակ նրա անցման ժամանակներից ի վեր:

Փոխանցում է euronews-ը: