12.06.2019 14:35

Տոկաևը հինգ տարով ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Տոկաևը հինգ տարով ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

Հունիսի 9-ին Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի պաշտոնապես ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը:

Պաշտոնակալման արարողությանը Տոկաևը երդում է տվել պետական՝ ղազախերեն լեզվով, աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Սահմանադրությանը և Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»: Այնուհետև հնչել է Ղազախստանի օրհներգը:

Ի դեպ, երդմնակալության նախորդ օրը և հենց նույն օրը Ղազախստանում համացանցի օգտատերերը կրկին սոցիալական ցանցեր մուտք գործելու հետ կապված խնդիրներ են ունեցել, չի աշխատել WhatsApp մեսենջերը:

Ավելի ուշ Ղազախստանի նախագահը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ տեղյակ չէ վերջին ժամանակները սոցցանցերի արգելափակումից և հավաստիացրել է, որ իրավապահ մարմիններին համապատասխան հանձնարարությունը կտրվի:

Փոխանցում է Interfax-ը: