13.06.2019 18:55

Դժգոհողները մի խնդիր ունեն, եւ այդ խնդրի անունը Վահե Գրիգորյան է

Դժգոհողները մի խնդիր ունեն, եւ այդ խնդրի անունը Վահե Գրիգորյան է

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտնոնում փաստաբան Վահե Գրիգորյանի առաջադրումը մեծ աղմուկ է առաջացրել:

Ընդ որում, արձագանքները կարելի է բաժանել երկու մասի՝ խիստ դրական եւ նյարդային բացասական: Խիստ դրական արձագանքները հիմնականում հնչում են չեզոք մարդկանց կողմից: Իսկ ահա նյարդային բացասական ռեակտիվիզմով աչքի են ընկնում նախկին իշխանությունները: Ու խնդիր չէր լինի, եթե նրանց կողմնորոշումն իրապես պայմանավորված լիներ իրավական ասպեկտով, ինչպես որ դա փորձում են նրանք առերեւույթ ներկայացնել:

Որովհետեւ եթե իրենց վերաբերմունքը բացառապես իրավական հանգամանքներով լիներ պայմանավորված, ապա դա այսպիսին կլիներ նաեւ մյուս նախորդ բոլոր թեկնածուների պարագայում, այդ թվում՝ իրենց օրոք առաջադրված թեկնածուների: Եւ կամ թեկուզ հենց հետագայում ՍԴ նախագահ դարձած իրենց գործընկեր Հրայր Թովմասյանի պարագայում, որը տոմսով կուսակցական էր: Իրենց կուսակիցը:

Բայց երբ լսում ես հանրապետականներին, քոչարյանականներին, այդ ուժերին մերձ վերլուծաբան-փորձագետներին, ապա կարմիր թելի պես նկատվում է մի ընդհանուր գիծ՝ այդ բոլոր անձինք իրականում որեւէ խնդիր չունեն օրենքի տառի կամ ոգու հետ, այդ բոլոր անձինք միայն մի խնդիր ունեն, եւ այդ խնդրի անունը Վահե Գրիգորյան է:

Նրանց համար իրականում էական է ոչ թե այն, թե ինչպես կընտրվեն դատավորները, այլ թե՝ ով կընտրվի, կամ ավելի ճիշտ՝ ով չպիտի ընտրվի: Նրանց դիրքորոշումը մեկն է՝ ամեն գնով փորձել խոչընդոտել,  քարոզչական աղբով կեղտոտել Վահե Գրիգորյանի մուտքը Սահմանադրական դատարան:

Եւ պատճառներն էլ, իրականում, հասկանալի են: Նախկինների համար, որոնց մի մասն անցնում է Մարտի մեկի գործով, մի մասը փոխկապակցված անձինք են, մյուս մասը՝ այդ ամենն արդարացրած անձինք, իրենց կնքահոր խոսքերով ասած՝ «գենետիկ անհամատեղիլություն» ունեն մի թեկնածուի հետ, ում ամբողջ փաստաբանական կարիերան հանրային շահի պաշտպանության հետ է կապված՝ Հյուսիսային պողոտայի կառուցապատման արդյունքում տուժածների, քաղաքական հետապնդման ենթարկվածների, նրանք խնդիր ունեն Մարտի մեկի գործով երկար տարիներ անխոնջ զբաղված անձի եւ այդ անձի տեսակի հետ: Որովհետեւ այդ տեսակն իրենցը չէ, իրենցն ուրիշ տեսակ է՝ մի քանի անգամ տարատեսակ ճամբարներ փոխածների տեսակը, որոնց կարելի էր ամեն պարագայում եւ հեշտությամբ գնել: Եթե Գրիգորյանի տեսակն իրենցը լիներ, ապա մեկ վայրկյան անգամ առանց վարանելու հենց իրենք կառաջարկեին Վահե Գրիգորյանի թեկնածությունն ու կընտրեին, ու դեռ հետագայում էլ ՍԴ նախագահ կկարգեին:

Բայց քանի որ իրենք չկոտրվող տեսակների հետ խնդիր ունեն, ուրիշ անձանց գործուղեցին Սահմանադրական դատարան: Ու հիմա, երբ իրենք Հայաստանում այլեւս իշխանություն չունեն, Սահմանադրական դատարանը վերածվել է իրենց վերջին բաստիոնի, դարձել է իրենց միակ ու վերջին հույսը` վերածվելով դավադրությունների հնարավոր աղբյուրի: Եւ հենց այդ պատճառով էլ այդ անձինք խնդիր ունեն, որեւէ կերպ չեն ցանկանում Վահե Գրիգորյանի մուտքը ՍԴ, անգամ երբ վերջինս հայտարարել է, որ ինքը, ընտրվելու պարագայում, չի զբաղվելու Մարտի մեկի գործով ՍԴ-ում քննությանը:

Բայց հո խնդիրը մասնակցությունը չէ՞: Խնդիրը ավելի խորքային է: Եթե այդ տեսակը մտավ ՍԴ, ապա դա անխուսափելիորեն բերելու է ՍԴ անդամների եւ նրանց վարքի եւ որակի փոփոխության:

Հենց այդ փոփոխությունն է, որ խառնաշփոթ է առաջացրել նախկին իշխանական շրջանակների, իրավապաշտպանի մանտիա հագած նախկիններին սատար քաղակտիվիստների եւ նրանց ձեռնասուն ԶԼՄ-ների մոտ: Որովհետեւ այդ ընտրությունը մաքուր օդի պես է լինելու, որ եթե պատուհանը բացվեց, ու մաքուր օդը մտավ այնտեղ, գաղջ «խավարասերների արտագաղթ» է սկսվելու:

Հատկապես եթե հաշվի առնենք, որ իրավական ցանկացած երկրում Վահե Գրիգորյանի ուղին անցած անձին, պատկերավոր ասած, «ձեռքից բաց չէին թողնի» եւ անհապաղ կտանեին դեպի բարձր դատարան: