14.06.2019 11:00

Զարիֆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու փորձ են

Զարիֆ. Իրանի դեմ ԱՄՆ-ի մեղադրանքները դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու փորձ են

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Օմանի ծովածոցում նավթային տանկերների վրա հարձակման համար Իրանին ուղղաված ԱՄՆ-ի մեղադրանքներն  անվանել է դիվանագիտական ջանքերը սաբոտաժի ենթարկելու փորձ:

«Այն, որ ԱՄն-ն անմիջապես սկսեց մեղադրել Իրանին՝ չունենալով ոչ մի փաստացի կամ կողմնակի ապացույց, միայն ցույց է տալիս, որ «Բ թիմը» (որի կազմում են, ինչպես ավելի վաղ հայտարարել է Զարիֆը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի թագաժառանգները) անցնում է «պլան Բ-ին»՝ դիվանագիտական ջանքերը (այդ թվում՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի  գործադրած ջանքերը) սաբոտաժի ենթարկելու, ինչպես նաև Իրանի դեմ տնտեսական ահաբեկությունը թաքցնելու նպատակով»,- Twitter-ում գրել է Զարիֆը:

Հունիսի 12-13-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցով գտնվում էր Իրանում, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Հասան Ռոուհանիի և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Աբեի այցի նպատակներից մեկը ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը մեղմելն էր:

Օմանի ծովածոցում նավթային տանկերների պայթյունների պատասխանատվությունը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն դրել է Իրանի վրա: Փոմփեոյի հայտարարությունը պաշտպանել են Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան:

Փոխանցում է tass.ru-ն: