29.01.2013 15:01

Կապիտանը մեղադրվում է շարքայինի գլխին դրոշակով հարվածելու համար

Կապիտանը մեղադրվում է շարքայինի գլխին դրոշակով հարվածելու համար
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն արդեն ավարտել է վաշտի հրամանատարի կողմից շարքային զինծառայողին դրոշակով հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Եղեգնաձորի կայազորի դատախազությունը  հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։ 
 
ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, կոչումով կապիտան Էդգար Մարկոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, ավելի որոշակի` իր պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, հայտնում է Փաստինֆոն:
 
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա իր պաշտոնեական լիազորությունների սահմանն անցել է խստապահանջ պետի տպավորություն թողնելու, անձնակազմի շրջանում իր գերկայությունն ամրապնդելու, սեփական անձի գերկայությունն ընդգծելու անձնական շահագրգռվածություններից ելնելով:
 
Էդգար Մարկոսյանը, մեղադրական եզրակացության համաձայն, առանց թույլտվության շարքից դուրս գալու և գումարտակ գնալու համար 2012թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ ստորաբաժանման 2-րդ հարկի միջանցքում բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադրյալ հանդիսացող, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Գասպարյանի նկատմամբ: Բռնությունն արտահայտվել է փայտյա ազդանշանային դրոշակով շարքայինի գլխին հարվածելով, որով Գ. Գասպարյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել` առողջության կարճատև քայքայումով: