14.06.2019 13:03

Արսեն Գրիգորյան. Մարգինալների կարապի երգը

Արսեն Գրիգորյան. Մարգինալների կարապի երգը

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հերթական «մաստեր կլասը» ցուցադրեց խորհրդարանում: Պարզ է, որ լրագրողները հնչեցնում էին հատկապես այն հարցերը, որոնք ՀՀ նախագահի՝ Վահե Գրիգորյանին առաջադրելուց հետո հնչեցնում էին ընդդիմադիրները՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական:

Հիմա արդեն պարզ է, որ ՍԴ-ն քաղաքական մարմին է, որովհետեւ, դիցուք, քաղաքական փաստաթուղթ է նաեւ Սահմանադրությունը: Եվ այդ փաստաթղթի հետ առնչակցությունն են ուզում պարզել խորհրդարանում աշխատող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, երբ որոշում են վիճարկել այս կամ այն օրենքի սահմանադրականությունը: Վահե Գրիգորյանն ասում է՝ ապակուսակցական մարմին է ՍԴ-ն, բայց ոչ՝ ապաքաղաքական: Այսինքն, եթե ԱԺ-ն քվեարկեր նույնիսկ նախորդ երկու թեկնածուներից մեկի օգտին, կայացնելու էր քաղաքական որոշում եւ այդպիսով քաղաքականացնելու էր նրա ընտրությունը: Նույնիսկ առաջին ատյանի դատարանն է քաղաքական մարմին, որովհետեւ իր որոշումով նա կարող է թելադրել քաղաքականություն, ենթադրենք, ՀՀ ընտրություններին մասնակցելու իրավունք է տալիս մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, եթե հանկարծ ԿԸՀ-ն ինչ-որ փաստի վիճարկումով չի գրանցում նրա թեկնածությունը:

Ընդդիմադիրներն ասում են, որ ՍԴ-ում Վահե Գրիգորյանը նախապաշարված է լինելու քաղաքական մեծամասնության քվեով: Սրա պատասխանն էլ կար՝ իսկ ինչի՞ դեմ էր հեղափոխության կռիվը, եթե դատավորը պետք է լինի նախապաշարված: Ինչու՞ փակվեցին դատարանների դռները, որին հաջորդեց անցումնային արդարադատության գործընթացի արագացումը: Եվ խնդիրն ամենեւին էլ թեկնածուի նախապաշարմունքը չէ: Կամ՝ երախտագիտության զգացումը: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը ուրիշի մեջ տեսնում է այն, ինչն ինքը սպասում է իրենից: Այսինքն, ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը երախտագետ կլիներ: Ուստի վստահ է, որ Վահե Գրիգորյանն էլ է նախապաշարվելու հենց ընտրությամբ:

Այսօրվա ընդդիմադիր մամուլը մի տարօրինակ գործով է զբաղված՝ պեղում է մարած խաղաքարտերի՝ Իսագուլյան, Ռուբեն Մելիքյան, որոնք գրեթե նույն նախադասությունն են ասում՝ նախագահը տրվեց գործող իշխող քաղաքական ուժի ճնշմանը եւ օրենքի խախտումով նրան երկրորդ անգամ առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու: Այստեղ էլ, պարզվում է, ընդդիմությունը խնդիր ունի Սահմանադրության տառի եւ ոգու մեկնաբանության հետ՝ առաջադրելը նախագահի սահմանադրական լիազորությունն է: Խնդիրն այն չէ, որ ՍԴ դատավորի նոր թեկնածուն ուղղակի իր դաստիարակությամբ եւ իրավական կազմակերպվածությամբ գործիք չի դառնալու, խնդիրն այն է, որ Վահեի թեկնածության դեմ պայքարողները դա գիտեն: Հետեւաբար, ի՞նչ է նրանց ուզածը՝ վարկաբեկել թեկնածուին, ստվերել գործիք չդառնալու իրավական այն տաղանդը, որն իրենք չեն ունեցել եւ այլեւս չեն ունենալու:

Նրանք Վահեին չեն ներում իրենց նման չլինելը: Եվ շատերը չեն ներում: Նրանք Վահեի մեջ տեսնում են էն մերանը, որը փոխելու է ՍԴ-ի եւ իրավունքի ներկայացուցչի փիլիսոփայությունը Հայաստանում: Իրենք գիտեն, որ էդ փիլիսոփայության մեջ չեն տեղավորվելու: Ահա ինչու հուսահատ քայլեր են անում: Նրանց խրոխտ տողերը Նոր Հայաստանի մարգինալների կարապի երգն է: Ուրիշ ոչինչ: