14.06.2019 12:50

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում

Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ հունիսի 20-ին Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հերթական հանդիպումը։

«Հունվարին Փարիզում եւ ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջեւ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ եւս, մասնակիցների միջեւ համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների եւ հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձեւավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը եւ ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ»,- ասված է հայտարարության մեջ։