14.06.2019 13:44

20-րդ դարի ինստիտուտի հայտարարությունը «Բռնադատվածի հիշատակի օրվա» կապակցությամբ

20-րդ դարի ինստիտուտի հայտարարությունը «Բռնադատվածի հիշատակի օրվա» կապակցությամբ

20-րդ դարի ինստիտուտի հայտարարությունը «Բռնադատվածի հիշատակի օրվա» կապակցությամբ.

2019 թ. հունիսի 14-ին լրանում է 1949 թվականի հայերի բռնաքսորի 70-րդ տարելիցը: 1949 թ. հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ԽՍՀՄ-ում ապրող տասնյակ հազարավոր հայեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասից աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր՝ առանց իմանալու իրենց աքսորի պատճառը:

Մինչդեռ հունիսի 14-ը Հայաստանում պաշտոնապես համարվում է «Բռնադատվածի հիշատակի օր» 2006 թվականից, այն այդպես էլ չկարևորվեց որպես բռնությունը դատապարտելու, անցյալի հետ առերեսվելու և ներկան վերարժևորելու առիթ: Հունիսի 14-ն ընտրվել է որպես խորհրդանշական օր՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում բռնության և քաղաքական հետապնդումների ենթարկված բոլոր անձանց հիշատակը հարգելու համար:

Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների համատեքստում է՛լ ավելի է կարևորվում ոչ վաղ անցյալի համակողմանի քննարկումն ու ուսումնասիրությունը՝ հատկապես խաղաղ համակեցությունն ամրապնդելու և բռնությունը բացառելու առումով: Այս տեսանկյունից «Բռնադատվածի հիշատակի օրը» ՀՀ օրացույցի կարևորագույն օրերից է: ԽՍՀՄ տարիների բռնությունների զոհերը և նրանց ժառանգներն ամեն տարի այս օրը հավաքվում են Երևանի Կասկադի վերևում, «Ոսկե հասկ» հուշակոթողին կից գտնվող Բռնադատվածների հուշահամալիրում՝ հիշելու իրենց զրկանքներով լի անցյալը, Հայաստանի հանրությանը հիշեցնելու Հայաստանի ոչ վաղ անցյալի սարսափելի բռնությունների մասին և հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Այս տարի 20-րդ դարի ինստիտուտը միանում է բռնադատվածներին և Հայաստանում ԽՍՀՄ շրջանի բռնությունների շուրջ ծավալված բազմամյա քննարկմանն ու հանրայնացմանը:

20-րդ դարի ինստիտուտը Հայաստանի խորհրդային անցյալի ուսումնասիրության ոչ ֆորմալ հարթակ է, որը ստեղծվել է 2019 թ. հունվարին: Այն համախմբում է Հայաստանի 20-րդ դարի պատմությամբ զբաղվող անձանց և կազմակերպություններին՝ ժամանակաշրջանին առնչվող արխիվների ստեղծմանը, արխիվային նյութերի համախմբմանը և հանրայնացմանը, հետազոտությունների և հանրային քննարկումների իրականացմանը նպաստելու համար:

20-րդ դարի ինստիտուտ հարթակում ներգրավված են.

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ

Հրանուշ Խառատյան, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտություններ հայկական կենտրոն ՀԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գայանե Շագոյան, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտություններ հայկական կենտրոն ՀԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Լևոն Աբրահամյան, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտություններ հայկական կենտրոն ՀԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Լուսինե Խառատյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Գևորգ Տեր-Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Իզաբելլա Սարգսյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Արմեն Գրիգորյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Նանե Պասկևիչյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Անի Թովմասյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

Սաթենիկ Ֆարամազյան, «Ֆակտում» ՀԿ

Տիգրան Պասկևիչյան, «Ֆակտում» ՀԿ

Ռուբեն Արևշատյան, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ,

Արմեն Օհանյան, գրող, հրապարակախոս

Սիրանուշ Դվոյան, հետազոտող

Նելլի Շիշմանյան, լուսանկարիչ, 4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն

Տիգրան Ամիրյան, գրականագետ, CSN Lab