15.06.2019 16:22

Վառլամ Շալամով. Հատապտուղները

Վառլամ Շալամով. Հատապտուղները

Ըստ ՀՀ օրացույցի՝ երեկ Բռնադատվածների հիշատակի օրն էր։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ սովետական տարիների այլախոհ եւ քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ հունիսի 14-ին լրացավ հայերիս «բռնաքսորի 70-րդ տարին» եւ արդարացիորեն նկատում, որ Հայաստանում գրեթե մոռացության է մատնված այդ օրը։

Ռուս գրող Վառլամ Շալամովի (1907-1982) կյանքի քսանից ավելի տարիներն անցել են սիբիրյան տաժանակրության կիզակետում՝ Կոլիմայում։ Նրա «Կոլիմյան պատմվածքները» հրատարակել է «Անտարեսը»՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի առաջարկով ու հովանավորությամբ եւ իմ համեստ թարգմանությամբ։ Այս պատմվածքը Կոլիմյան դժնդակ տարիների մեկ օրվա դրվագ է ընդամենը։

Ընթերցենք, որ հիշենք։ Ընթերցենք, որ չմոռանանք։ Չմոռանանք, որ չկրկնվի։

Լիզա Ճաղարյան  


Վառլամ. Շալամով. Հատապտուղները

Ֆադեեւն ասաց.

-Մի րոպե, ինքս կլուծեմ դրա հարցը, - մոտեցավ ինձ ու հրացանի կոթը դրեց գլխիս։

Գերանը գրկած պառկել էի ձյան վրա, ուսիցս էի գցել, չէի կարողանում վեր կենալ ու գրավել տեղս սարից իջնող մարդկանց շղթայի մեջ - բոլորի ուսերին մեկական գերան կար՝ «փայտի կտոր», մեկինն ավելի մեծ, մյուսինը՝ մի քիչ փոքր - շտապում էին տուն ե՛ւ հսկիչները, ե՛ւ կալանավորները, բոլորն ուզում էին ուտել ու քնել, մինչեւ կոկորդը կշտացել էին անվերջանալի ձմեռային օրից։ Իսկ ես պառկած էի ձյան մեջ։

Ֆադեեւը միշտ «դուք»-ով էր խոսում կալանավորների հետ։

-Լսեք, ծերուկ, - ասաց, - հնարավոր բան չի, որ ձեզ նման հաստագլուխը չկարողանա տանել էսպիսի ճղոնը, ճիշտը որ ասեմ՝ փայտիկը։ Կասկած չկա, որ դուք ձեւեր եք թափում։ Դուք ֆաշիստ եք։ Այն պահին, երբ մեր հայրենիքը պայքարում է թշնամու դեմ, դուք նրա անվի տակ փայտի կտոր եք խցկում։ 

-Ֆաշիստ չեմ, - ասացի, - քաղցած ու հիվանդ մարդ եմ։ Ֆաշիստը դու ես։ Կարդու՛մ ես թերթերում, թե ոնց են ֆաշիստներն սպանում ծերունիներին։ Մտածիր՝ ոնց ես պատմելու հարսնացուիդ, թե ինչով էիր զբաղված Կոլիմայում։

Թքած ունեի։ Սիրտս խառնում էր կարմրաթուշ, առողջ, կուշտ հագած-կապածներից, չէի վախենում։ Երեքտակվել էի, որ փորս պաշտպանեմ, բայց դա էլ էր նախածննդյան, բնազդային շարժում՝ մի կաթիլ անգամ չէի վախենում փորիս հասցված հարվածներից։ Ֆադեեւը մեջքիս հարվածեց սապոգներով։ Անսպասելի տաքություն զգացի, եւ բոլորովին ցավոտ չէր։ Եթե մեռնեմ՝ ավելի լավ։

-Լսեք,- ասաց Ֆադեեւը՝ սապոգի քթամասով դեպի երկինք դեմքս շրջելուց հետո։ - Ասե՞մ, թե ձեզ նման քանի-քանիսն են ձեռիս տակով անցել։

Մոտեցավ մի ուրիշ հսկիչ՝ Սերոշապկան։

-Դե, մի հատ ցույց տուր քեզ, որ չմոռանամ՝ ով ես։ Էս ինչ հերսոտած ես ու անճոռնի։ Վաղն իմ ձեռքերով եմ գնդակահարելու քեզ։ Հասկացա՞ր։

-Հասկացա, - ասացի՝ ոտքի կանգնելով ու արյունոտ աղի փսլինք թքելով։

Գերանը քարշ տվեցի ընկերներիս ծաղրուծանակի, բղավոցների ու հիշոցների տակ. մինչ ինձ ծեծում էին, նրանք սառչում էին։

Մյուս առավոտ Սերոշապկան մեզ հանեց աշխատանքի, որ դեռեւս անցյալ ձմռանը ծառահատված անտառում հավաքենք այն ամենը, ինչը հնարավոր էր վառել երկաթե վառարաններում։ Անտառը տապալել էին ձմռանը՝ կոճղիկները բարձր էին։ Փորում-հանում էինք դրանք հողի միջից լինգերով-լծակներով, սղոցում էինք ու դարսում կույտերով։

Մեր աշխատավայրի շուրջը հատուկենտ կանգուն մնացած ծառերի դեղին ու մոխրագույն չոր տերեւներից Սերոշապկան կախեց արգելանշանները՝ դրանցից այն կողմ արգելված գոտի էր։

Մեր բրիգադիրը փայտի պաշարը քարշ տվեց, բլրակի վրա խարույկ վառեց Սերոշապկայի համար՝ աշխատանքի ժամին խարույկը միայն զինյալ հսկիչին էր հասնում։

Քամիները վաղուց էին ցրել տեղացած ձյունը։ Սառած, եղյամապատ խոտը սլլում էր ձեռքից եւ գունափոխվում մարդկային մատի հպումից։ Ճիմաթմբերին սառցակալել էր ցածրահասակ լեռնային մասրենին, մուգ մանուշակագույն սառած պտուղներն անսովոր համ ունեին։ Մասուրից ավելի համեղ էին հապալասները, ցուրտ առած, գերհասունացած ու թխակապույտ։ Կարճլիկ, ուղիղ ոստիկներից կախված էին հապալասի կապույտ պտուղները՝ վառ երկնագույն, դատարկ կաշվե քսակի պես կուչ եկած, բայց ներսում անպատմելի համը պահպանած մուգ կապտավուն հյութը։

Սառնամանիքի հարվածներ կերած այդ եղանակի պտուղներն ամենեւին նման չէին հասած, հյութալի ժամանակվա պտուղներին։ Սրանց համն ավելի նուրբ էր։

Իմ ընկեր Ռիբակովը պահածոյի տուփի մեջ հավաքում էր պտուղները ծխելաժամին եւ նույնիսկ այն պահերին, երբ Սերոշապկայի հայացքն այլ կողմ էր ուղղված։ Եթե Ռիբակովը տուփը լցնի, պահակախմբի ջոկատի խոհարարը հաց կտա։ Ռիբակովի ձեռնարկը միանգամից դարձավ կարեւոր գործ։ Ես այդպիսի պատվիրատու չունեի եւ պտուղներն ինքս էի ուտում՝ ճխլված պտուղի քաղցր, հոտավետ հյութը լեզվով զգուշորեն ու ագահաբար սեղմելով քիմքիս. մի պահ թմբիրը պարուրեց ինձ։

Մտքովս չէր անցնում աջակցել Ռիբակովի բերքահավաքին. դե՝ չէր էլ ուզենա, որ օգնեի՝ ստիպված էր լինելու հացը կիսել հետս։ 

Ռիբակովի տուփը շատ դանդաղ էր լցվում, պտուղներն ավելի ու ավելի էին սակավանում, եւ մեզ համար աննկատ, աշխատելով եւ պտուղ հավաքելով, հասանք սահմանագծին՝ արգելանշանները կախված էին մեր գլխավերեւը։

-Տես՝ ուր հասանք, - ասացի Ռիբակովին, - արի ետ գնանք։

Իսկ առջեւում ճիմաթմբեր էին մասուրի, հապալասի ու կապույտ հապալասի պտուղներով բեռնված... Վաղուց էինք տեսել այդ ճիմաթմբերը։ Արգելանշանով ծառից պետք է երկու մետր հեռու գնայինք։

Ռիբակովը ցույց տվեց դեռեւս չլցված տուփը ու հորիզոնում իջնող արեւը եւ դանդաղ սկսեց մոտենալ կախարդիչ պտուղներին։

Չոր շրխկաց կրակոցը, եւ Ռիբակովն ընկավ ճիմաթմբերի արանքը՝ դեմքը հողին։ Հրացանը թափահարելով՝ Սերոշապկան բղավեց.

-Թողեք տեղում մնա, չմոտենաք։

Սերոշապկան հրացանի փակաղակը քաշեց եւ նորից կրակեց։ Մենք գիտեինք, թե ինչ է նշանակում այդ երկրորդ կրակոցը։ Գիտեր նաեւ Սերոշապկան։ Կրակոցները պետք է երկուսը լինեին՝ առաջինը նախազգուշականն է։

Ռիբակովը պառկած էր ճիմաթմբերի արանքում՝ անսպասելի փոքրացած։ Երկինքը, սարերը, գետն ահռելի էին, եւ աստված գիտի, թե քանի մարդու կարելի էր պառկեցնել այդ սարերում, ճիմաթմբերի միջակայքերի արահետներում։

Սերոշապկան անվրդով շարեց մեր փոքր ջոկատին, հաշվեց, հրաման տվեց ու տարավ տուն։

Հրացանի ծայրով հրեց ուսս, շրջվեցի։

-Մտքինս դու էիր, - ասաց Սերոշապկան, - բայց դիմացար էլի՛, կե՛ղտ։