17.06.2019 15:56

Լիզա Ճաղարյան. Աննախադեպեմ ձեր աննախադեպը

Լիզա Ճաղարյան. Աննախադեպեմ ձեր աննախադեպը

Փաստաբան Հայկ Ալումյանի ասուլիսն ըմբոշխնեցի։

Նախ սկսեցի հաշվել, թե քանի անգամ օգտագործեց «աննախադեպ» բառը, հետո կեսից ձեռ քաշեցի. թվաբանությունից էդքան ուժեղ չեմ։

Եվ այսպես, աննախադեպ ճնշումների մամլիչի տակ կեղեքվող մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող եւ աննախադեպ ճնշումներից ակնհայտորեն շփոթահար պարոն Ալումյանը հայտարարեց, որ այս անգամ էլ Գագիկ Ջհանգիրյանի դեմ է դատական հայց ներկայացնելու։

Եվ քանի որ բոլոր աննախադեպ նախանշանները կան, որ աննախադեպ ճնշվող մեղադրյալ Քոչարյանի աննախադեպ ճնշված փաստաբանները հերթականությամբ կամ էլ, ո՞վ գիտի, հնարավոր է նաեւ միանգամից՝ դատական հայց են ներկայացնելու Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների դեմ, այս ռեպլիկը գրում եմ ձեւակերպումներս ընտրելով աննախադեպ զգուշությամբ։

Որովհետեւ, հարգարժան ընթերցողներ, ես աշխատասեր չեմ այնքա՛ն աննախադեպ, որքան աշխատասեր են Քոչարյան Ռոբերտը եւ յուր ընտանիքը, ինչը նշանակում է, որ հարուստ չեմ այնքա՛ն աննախադեպ, որ կուտակած փողերս շաղ տամ դատարանների պատերի ներսում եւ պատերի տակ։ Ավելին, աննախադեպ ծույլիկի մեկն եմ, որովհետեւ հարուստ չեմ առհասարակ՝ ոչ աննախադեպ, ոչ էլ՝ նախադեպին հեծնած։

Եվ ուրեմն, պարոն Ալումյանի բարձրաձայնած բոլոր աննախադեպերը կանտեսեմ եւ կանդրադառնամ միայն մեկուկես աննախադեպի, որին, ի դեպ, իր ասուլիսի գերակշիռ մասը նվիրեց վերոգրյալ աննախադեպ աննկուն հռետորը։

Փաստաբան պարոն Ալումյանը հայտարարեց (կեսից դադարեցի հաշվել, թե քանի անգամ), որ դատարանների նկատմամբ արգելված է ճնշում գործադրել։

Այնքան շատ կրկնեց, որ համոզեց, գիտե՞ք։

Եվ հիմա նստած մտածում եմ՝ իր պաշտպանյալ, աննախադեպ ճնշումների տակ կքած մեղադրյալ Քոչարյանին «հերոս» հռչակած, պատկառելի ծախս պահանջող պաստառներով բեռնված, ոչ պակաս ծախս պահանջող հովանոցներով արեւից պաշտպանված, հատուկ պատվիրած շապիկներ հագած, դատարանի դռան դիմաց սառցարաններ տեղադրած եւ զանազան սառը հյութերով իրենց ծարավը հագեցնող, պիցցայի ավելցուկից զկռտացող, Մարտի 1-ի զոհերի հարազատների առջեւ աննախադեպ լկտիությամբ... ներեցեք, ուզում էի ասել՝ քնքշությամբ պարող-երգող, աննախադեպ ինքնաբուխությամբ ակցիա անողներն է՞լ են ճնշում գործադրում դատարանի վրա, թե՞ միայն հակառակ մայթին «Քոչարյան հանցագործ» բղավողներն են աննախադեպ ճնշում գործադրողները։

Լրագրողներն այս հարցը չտվեցին պարոն Ալումյանին։ Աննախադեպ պատահականությամբ ասուլիսին մասնակցում էին աննախադեպ նրբանկատ լրագրողներ, որոնք այդպես էլ աննախադեպ տհաճ հարցեր չտվեցին աննախադեպ ճնշված պարոն Ալումյանին։ Եվ եթե նույնիսկ առերեւույթ տհաճ թվացող հարց տվեցին, ապա միմիայն պարոն փաստաբանին հնարավորություն տալու համար, որ ասի այն ամենն, ինչը մտքին կա, բայց կողմնակի միջամտությամբ բարձրաձայնելն ավելի համոզիչ կթվար։

Դե, լրագրողներին էլ կարելի է հասկանալ. նրանց դիմաց նստած էր մի աննախադեպ ճնշված մեղադրյալի մեկ այլ աննախադեպ ճնշված փաստաբան։ Մեկ էլ ու՝ աննախադեպ տհաճ հարցերով գրգռեին պարոն Ալումյանի առանց դրա էլ աննախադեպ սրված արդարության զգացումը, որ ի՞նչ լիներ։ Որ մի դատական հայց էլ տհաճ հարց բարձրաձայնած լրագրողի դե՞մ ներկայացներ պարոն Ալումյանը։

Եթե նման հեռանկարի վախը չլիներ, ի՞նչ իմանաս, գուցեեւ գտնվեր մի լրագրող, որն, օրինակ, հարցներ. «Հարգարժան աննախադեպ ճնշված պարոն Ալումյան, դուք հայտարարեցիք, որ սպասում եք դատավոր Դանիելյանի որոշմանը՝ կընդունի՞ ձեր իսկ փաստաբանական խմբի եւ ձեր պաշտպանյալի ինքնաբացարկի պահանջը, թե կմերժի, որպեսզի հետեւություն անեք՝ իշխանությունը ճնշում գործադրե՞լ է դատավորի որոշման վրա, թե ոչ, բայց այդպես էլ չորոշակիացրիք, թե ո՞ր դեպքում է արտահայտվելու աննախադեպ ճնշման փաստը՝ եթե դատավորն ընդունի՞ ինքնաբացարկի պահանջը, թե՞ մերժի»։

Չէ, աննախադեպ բարի լրագրողներ էին, նրանք ոչ միայն գիտակցում են, որ իրենց դիմաց աննախադեպ ճնշված փաստաբան է նստած, այլեւ զգում են, որ «վատ հոտ» է փչում ալումյանական ասուլիսի թեմա քրեական գործից, եւ պարոն մեղադրյալի ակնհայտ սպառնալիքին... ներեցեք, ուզում էի ասել՝ հայրական հորդորին ընդառաջ՝ «յախաները թափ են տվել» այդ գործից՝ չզրկելով պարոն Ալումյանին ազատ եւ անկաշկանդ ստեղծագործելու հնարավորությունից։

Դե, եթե դատավոր Դանիելյանը կմերժի ինքնաբացարկի պահանջը, Ալումյանենք կասեն՝ իշխանության աննախադեպ ճնշմամբ մերժեց։ Իսկ եթե չմերժի, կասեն՝ ինքնաբացարկի պահանջը չմերժեց, որովհետեւ իշխանությունն աննախադեպ ճնշեց խեղճ դատավորին։

Պարոն Հայկ Ալումյանն աննախադեպ ազնիվ փաստաբան է, իր պաշտպանյալ Քոչարյանն էլ աննախադեպ բարի եւ աննախադեպ անմեղ մեղադրյալ է։

Աննախադեպ վատ հոտը հանած։