17.06.2019 16:22

Эдик, подписывай! Որ Շարմազանովը երբեք չմոռանա

Эдик, подписывай! Որ Շարմազանովը երբեք չմոռանա

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անհանգիստ է: Ավելի ճիշտ՝ մտահոգ է: Նրանց մտահոգել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն, ավելի կոնկրետ՝ թուրքական ժխտողական քաղաքականության ծիրին մեջ վերջինիս արված հերթական անհեթեթ առաջարկը՝ Ցեղասպանության հարցով « աշխատանքային խումբ ստեղծել Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ»:

Եւ ահա, պարոն Շարմազանովը խիստ մտահոգ գրում է. « Պարոնը թող իմանա, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան ճանաչել եւ դատապարտել են հայոց ցեղասպանությունը: 
Նախագահներ Պուտինն ու Օլանդը մասնակցել են 100-րդ տարելիցի միջոցառումներին Ծիծեռնակաբերդում, իսկ ԱՄՆ-ի նահանգներից գրեթե բոլորը ճանաչել ու դատապարտել են այն: Առաջարկում եմ՝ Չավուշօղլուն մեկ անգամ այցելի Երեւան՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան ու կարծում եմ՝ այլեւս նման անհեթեթ հայտարարություններ չի անի:

Հ.Գ. Նախօրեին Արցախում հայ զինվոր է սպանվել ադրբեջանցիների դավադիր կրակոցից: Խոնարհումս նահատակ զինվորի հիշատակին:
Տղերք, մեռա ասելով՝ թուրքերն ու ադրբեջանցիները վերջին մեկ տարին օգտագործում են միավորվելու եւ ուժեղանալու համար, իսկ Փաշինյանը երկրի ներսում դավադիր ուժեր ու սեւազգեստներ փնտրելով է զբաղված:

Ժամանակն է առաջնային խնդիրների շուրջ կենտրոնանալ:
Հետո ուշ է լինելու, պարոնայք»:

Թե ինչպիսի պետություն է Թուրքիան, եւ ինչպիսին է նրա արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, բոլորը գիտեն: Զարմանալին այն է միայն, որ Թուրքական քաղաքականության եւ հնարավոր նկրտումների մասին մեզ զգուշացնում է պարոն Շարմազանովը, մի ուժի առանցքային ներկայացուցիչ, որը Թուրքիայի հետ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ է այդպիսի հանձնաժողով ստեղծել, ամրագրել է դրանք ստորագրված արձանագրություններում՝ այդպիսով հնարավորություն տալով այլ պետություններին առկախել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը՝ պայմանավորելով դա հայ-թուրքական բանակցային գործընթացով:

Գուցե պարոն Շարմազանովին թվում է, թե մենք մոռացել ենք արդեն այդ մասին, գուցե: Բայց մենք չենք մոռացել, մենք հիշում ենք, եւ որպեսզի ինքը՝ Շարմազանովն էլ միշտ հիշի ու հանկարծ չմոռանա՝ մի քանի փաստեր ներկայացնենք ստորեւ՝ առանց մեկնաբանության:

2008 թվականի հունիս

Մոսկվայում ռուսաստանաբնակ հայերի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջեւ: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց»: Սարգսյանը հայտարարում է, որ մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացը սկսելու համար Հայաստան հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:

Հուլիսի 24-ին տեղի է ունենում պաշտոնական հրավերը։

Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Գյուլը ժամանում է Երեւան։ 

Զարմանալի զուգադիպությամբ՝ Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղից անմիջապես առաջ փոխվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկի տեսքը՝ ֆուտբոլիստների շապիկից հանվում է Արարատ լեռան լոգոն:

Զարմանալի զուգադիպությամբ՝ այդ օրը երեկոյան տեսանելի չի լինում նաեւ Ծիծեռնակաբերդի հավերժական կրակը:

2009 թվականի ապրիլ

Հայաստան է ժամանում Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` մասնակցելու ապրիլի 16-17-ը Երեւանում անցկացված Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որի ժամանակ քննարկվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Ապրիլի 22-ին՝  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից ընդամենը 2 օր առաջ (ընդամենը 2 օր առաջ՝ պարոն Շարմազանով) Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները՝ Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդությամբ, կնքում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «ճանապարհային քարտեզ»:

Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես են գալիս համատեղ հաղորդագրությամբ, որում ասված էր, որ եռակողմ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են երկու արձանագրություններ՝ «Արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին», որոնք սահմանում են խելամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ: 

Եռակողմ հաղորդագրությունում նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում եւ Թուրքիայում անցկացնել «ներքին քաղաքական խորհրդակցություններ», որոնք պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում։ Այնուհետեւ նախատեսվում է, որ երկու արձանագրությունները կստորագրվեն եւ կներկայացվեն համապատասխան խորհրդարաններին` վավերացման համար:

Հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Նալբանդյանն ու Դավութօղլուն ստորագրում են այդ արձանագրությունները: Արարողությանը մասնակցում են նաեւ ԱՄՆ, ԵՄ, ՌԴ և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Արձանագրություններում, հիշեցնենք, ներառված է լինում նաեւ պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու հարցը, այսինքն՝ այն, ինչին իրականում ձգտում էր Թուրքիան՝ ունենալ փաստաթղթավորված ձեւով:

Ահա այդ հատվածները.

«Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն.

Կետ 2

Կողմերը համաձայնեցին նաեւ

…իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար…:

 

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր:

Կետ 5

-պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

Իրականացման ժամկետը՝ միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս անց»:

2014թ. արձանագրությունների ստորագրմանը որպես ԱՄՆ պետքարտուղար մասնակցած Հիլարի Քլինթոնը հուշերի գիրք է հրապարակում՝ «Դժվարին որոշումներ» վերնագրով, որտեղ անդրադառնում է նաեւ Ցյուրիխյան իրադարձություններին.

«Հոկտեմբերի 9-ին Ցյուրիխ մեկնեցի` Ֆրանսիայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ Գերագույն ներկայացուցչի հետ միասին համաձայնագրերի ստորագրմանը ներկա գտնվելու համար: Հաջորդ օրը դուրս եկա հյուրանոցից և ուղղությունս դեպի Ցյուրիխի համալսարան վերցրեցի, որտեղ պետք է արարողությունը տեղի ունենար: Պարզվեց` խնդիր է ծագել: Նալբանդյանը` Հայաստանի նախարարը, խուսանավում էր, քանի որ անհանգստություն ուներ, թե ինչ հայտարարությամբ կարող է հանդես գալ Դավութօղլուն` ստորագրության ժամանակ: Նախարարը հրաժարվում էր դուրս գալ հյուրանոցից: Թվում էր` երկար ամիսներ ձգված բանակցությունները տապալման եզրին են: Հրահանգեցի հետ շրջել շարասյունը և «Dolder Grand Hotel» հյուրանոցի ուղղությամբ շարժվել: Այնուհետեւ սպասեցի մեքենայի մեջ, մինչ Ֆիլ Գորդոնը` շվեյցարացի առաջնակարգ բանակցային մասնագետի հետ կգտներ Նալբանդյանին և կհամոզեր, որ բաց չթողնի ստորագրման արարողությունը: Բայց ապարդյուն. Նալբանդյանը տեղից անգամ չշարժվեց: Ֆիլը ցած իջավ և հյուրանոցի ետնաբակում կայանված մեքենայի մեջ նստելով`ամեն ինչ պատմեց ինձ: Սկսեցի այս ու այնտեղ զանգել: Հեռախոսի մի գծով Նալբանդյանի հետ էի խոսում, մյուսով` Դավութօղլուի: Մոտ մեկ ժամ քննարկում էինք, փորձում տարաձայնութունները հարթել և համոզել Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից: Վերջիվերջո ես բարձրացա վերև Նալբանդյանի հետ անձնապես խոսելու նպատակով: Ի՞նչ կպատահի, եթե մենք պարզապես չեղյալ հայտարարենք միջոցառումների վերաբերյալ ելույթները: Ստորագրեք փաստաթղթերը, ոչ մի հայտարարություն մի արեք և հեռացեք: Երկու կողմերը համաձայնվեցին, և Նալբանդյանը վերջապես հայտնվեց: Մենք իջանք ներքեւ, նա նստեց իմ սեդանը, որպեսզի գնա համալսարան: Աջակցության հավաստիացումների և ձեռքսեղմումների ևս կես ժամ անցավ, մինչև նրանց ստիպեցին բեմ դուրս գալ: Մենք ուշացանք երեք ժամ, բայց ամեն դեպքում մենք այնտեղ էինք: Մենք ստորագրման արարողությունը արագացրինք, իսկ այնուհետեւ թեթևության խորը զգացումով բոլորը հնարավորինս արագ դուրս եկան»:

Արձանագրությունների ստորագրումից հետո մամուլում նաեւ ռուսական կողմի տեսակետն է հայտնվում ստորագրման գործընթացի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ մինչ անհանգստացած Նալբանդյանը չէր ցանկանում ստորագրել արձանագրությունները, պարոն Լավրովը անձեռոցիկի վրա երկբառանոց մի նամակ է գրում ու փոխանցում  Նալբանդյանին: Անձեռոցիկի վրա Լավրովը գրում է. «Эдик, подписывай!» «Էդիկ, ստորագրիր»:

2011 թվականի հոկտեմբեր

«YouTube»-ում է հայտնվում մի տեսանյութ, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, որ հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձեւի ընդունումը։ Բայդենի եւ ամերիկահայ երիտասարդի միջեւ տեղի էր ունեցել այսպիսի խոսակցություն.

Հարց -Ես ազգությամբ հայ եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Սենատում Ձեր կատարած աշխատանքի համար։ Մեկ հարց ունեմ։ Ես գործուն մասնակցություն ունեմ Ամերիկայի հայկական կյանքին, եւ գիտեք՝ մենք...։

Բայդեն- Այո՛, գիտեմ։

Հարց - ...մենք շատ վրդովված էինք։ Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ պետք է մենք փոխանցենք մեր համայնքին։

Բայդեն - Դուք պետք է ձեր համայնքին փոխանցեք, որ մենք ետ չենք կանգնել. թուրքերը պետք է ընդունեն գոյություն ունեցող իրականությունը։ Իսկ այն, ինչ մենք պետք է անենք, փոխհամաձայնությունն է, որի ուղղությամբ աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք։ Ասեք նրանց, որ այդ ՀՀ նախագահն է զանգել ինձ եւ ասել. «Մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք»։ Մենք ետ կանգնեցինք։ Դա հիմա անցյալում է։ Ամեն դեպքում՝ իրականությունը կարող է փոխվել։

Թե ինչ եղավ այս ամենից հետո՝ հայտնի է: Թուրքիան ստացավ իր ուզածն ու ԼՂ հիմնախնդրի հետ կապելով՝ այնքան ձգձգեց հարցը, որ Հայաստանը ի վերջո հայտարարեց, որ արձանագրությունները համարում է առ ոչինչ: Բայց կարեւորը սկիզբն էր եւ այն, թե ինչպես ամեն բան սկսվեց: Այն, ինչը այսօր մոռացել է պարոն Շարմազանովը եւ Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցում անհանգստություններ ունի: Լավ կլիներ, որ վերջինս իր մտահոգություններն անձամբ իր ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին հայտներ, երբ նա Մոսկվայում հայտարարում էր, թե սահմանի բացումից հետո Հայաստանը կհամաձայնի պատմաբանների հանձնաժողով ստեղծել, մտահոգությունը հայտներ, երբ արձանագրություններում կասկածելի ենթահանձնաժողովի ստեղծման մասին կետ էր ամրագրվում: Թե չէ՝ տպավորություն է, թե հանրապետականները հույս ունեն, որ ժողովրդի հիշողությունը կարճ է, եւ հիմա ո՞վ պիտի հիշի, թե ինչպես էին իրենք խայտառակ ֆուտբոլային «դիվանագիտություն» վարում:

Հ.Գ. Որպես «դեսերտ» եւս մեկ հիշեցում Էդուարդ Շարմազանովին:

Թուրքիայի նախագահ Գյուլի Հայաստան կատարած այցից 2 անց Գյուլը հայտարարում է, որ 

մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Այդ մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, հղում անելով հենց Գյուլի վրա: Նրա խոսքերով, մոտ ապագայում նա մտադիր է այցելել Ադրբեջան: Ա.Գյուլի խոսքերով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունն է տվել նման հանդիպման կազմակերպմանը: Ընդ որում Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ իր համաձայնությունը կտա նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Ես կհանդիպեմ նրա հետ մոտ ապագայում եւ կքննարկեմ բոլոր մանրամասները, ինչպես նաեւ Հայաստան կատարած իմ այցի արդյունքները»,- հայտարարում է նա: 

Թուրք փորձագետները չեն բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով: 

Գյուլի այս հայտարարությունից 4 օր անց՝ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն հայտարարում է.

«Բանակցությունների ժամանակ պրն Գյուլը մի քանի անգամ ասաց, որ Թուրքիայում այսօր կա քաղաքական կամք` անդրադառնալու մեր միջեւ գոյություն ունեցող խնդիրներին: Շատ էական եմ համարում, որ նա իր այդ խոսքերը որեւէ այլ հանգամանքով չէր պայմանավորում, սա մեզ համար չափազանց կարեւոր է: Նաեւ ուրախ եմ, որ պրն Գյուլը մեր հանդիպման մասին տպավորություններով կիսվել է Ադրբեջանի նախագահի հետ, եւ կարծում եմ, որ չափազանց կարեւոր է, որ բանակցությունների մթնոլորտը, ոգին ու տառը տարածում գտնեն: Հանդիպման ժամանակ պրն Գյուլն ասաց, որ անհրաժեշտության պարագայում ինքը պատրաստ է օժանդակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եւ ես ուրախությամբ ընդունեցի դա, որովհետեւ միայն աննորմալ մարդը կարող է հրաժարվել օժանդակությունից: Օժանդակությունը պետք է տարբերել միջնորդությունից: Ես վստահ եմ, որ ցանկացած քայլ, որը կարող է օգնել Մինսկի խմբի համանախագահներին` լուծելու այս հարցը, միայն ու միայն պետք է դրական գնահատել»: 

Քրիստինե Խանումյան