18.06.2019 11:41

Բրիտանիայի վարչապետի բոլոր թեկնածուները նույն համալսարանի շրջանավարտներ են

Բրիտանիայի վարչապետի բոլոր թեկնածուները նույն համալսարանի շրջանավարտներ են

Բրիտանիան բազմադեմ, բազմամարդ, ժամանակակից երկիր է: Սակայն Պահպանողական կուսակցության ղեկավարի և, միևնույն ժամանակ՝ վարչապետի պաշտոնի համար մրցում են միևնույն բուհն ավարտած և միևնույն՝ Օքսֆորդյան միություն բանավիճային ակումբի անդամ հանդիսացող մարդիկ:

Բրիտանիայում տասնյակ հիանալի համալսարաններ կան, սակայն թորիների առաջնորդի պաշտոնի համար ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած վեց հոգուց հինգը, այդ թվում՝ գլխավոր հավակնորդ Բորիս Ջոնսոնը, սովորել են Օքսֆորդում: Մինչ համալսարանը բոլոր հինգն էլ սովորել են հեղինակավոր ու թանկարժեք դպրոցներում:

Նախապես թորիների առաջնորդի պաշտոնում առաջադրված տասնմեկ քաղաքական գործիչներից ութը Օքսֆորդի նախկին ուսանողներ են: Ավելին, նրանցից հինգը նույն մասնագիտության դիպլոմ ունեն:

Ուինսթոն Չերչիլից հետո, այսինքն՝ վերջին 64 տարիների ընթացքում, Բրիտանիայում եղել է ութ թորի վարչապետ, և նրանցից յոթը ուսանել են Օքսֆորդում: Ութերորդը՝ Ջոն Մեյջորը, ընդհանրապես համալսարան չէր ավարտել:

Լեյբորիստ չորս վարչապետներից երկուսը, որոնք իշխանության ղեկին են եղել այդ նույն տարիներին՝ Հարոլդ Վիլսոնը և Թոնի Բլերը, նույնպես Օքսֆորդից են:

Փոխանցում է BBC-ն: