18.06.2019 14:25

Վենեսուելա. Գուայդոյին մեղադրում են պետական միջոցները հափշտակելու մեջ

Վենեսուելա. Գուայդոյին մեղադրում են պետական միջոցները հափշտակելու մեջ

Վենեսուելայի իշխանություններն ապացույցներ ունեն, որ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, վարձու մարդասպաններին պատվերներ տալու նպատակով, մասնակցել է պետական միջոցների հափշտակմանը:

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է հանրապետության կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Նրա խոսքով՝ «Կոլումբիայից և Կենտրոնական Ամերիկայից վարձու մարդասպանների միջոցով», որոնց թիրախը պիտի լինեին քաղաքական գործիչներ և զինվորականներ, ընդդիմությունն «ուզում էր ապակայունացնել իրադրությունը երկրում»:

Նախարարը նշել է, որ այդ մեղադրանքները հաստատող տվյալները հայտնաբերվել են Գուայդոյի քարտուղար Ռոբերտո Մառերոյի հեռախոսում, որին ձերբակալել են մարտ ամսին:

«Պարզվել է, որ Մառերոն, որը Գուայդոյի աջ ձեռքն է, այդ ահաբեկչական գործողությունների պատասխանատուն է եղել,- հայտարարել է նախարարը հեռուստաեթերում:- Ընդդիմությունը Գուայդոյին աջակցող  երկրների կառավարությունների աջակցությամբ յուրացրել է այն միջոցները, որոնք պատկանել են վենեսուելական արտասահմանյան ընկերություններին», ինչպես նաև այն միջոցները, որոնք ստացվել են որպես հումանիտար օգնություն, պնդել է նախարարը:

Փոխանցում է tass.ru-ն: