19.06.2019 20:36

Եթե դատավորը պիտի թափ չունենա, ապա էլ ո՞վ պիտի ունենա

Եթե դատավորը պիտի թափ չունենա, ապա էլ ո՞վ պիտի ունենա

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ Վերաքննիչ դատարանում ընթացող դատավարությունը գնալով ավելի ու ավելի է հարում աբսուրդի ժանրին:

Եւ աբսուրդն ամենեւին էլ Էմիլ Լոտյանուի հայտնի ֆիլմի նկարահանման հրապարակի վերածված դատարանի բակը չէ:

Աբսուրդը տեղի է ունենում հենց դատարանի դահլիճում, որտեղ դատավորի արտաբերած բառերի կեսը ներողություններ են` ուղղված մեղադրյալի  փաստաբաններին, որտեղ նույն այդ փաստաբանները խոսում են դատավորի հետ՝ ինչպես ուզում են (դատավոր, որը դատարանում ամենազոր անձն է եւ ինքն է նախագահում նիստը), մատ են թափ տալիս եւ սպառնալից ենթատեքստով «ուղերձներ» հղում նրան:

Ընդամենը մեկ անգամ դատավորը հիշեց, որ ինքն է նախագահողն ու նույնիսկ զարմացավ, որ փաստաբաններից մեկն իր հետ մատը թափ տալով է խոսում, փորձեց կարգի հրավիրել նրան, բայց կարճ ժամանակ անց նորից մտավ ներողություն խնդրողի կերպարի մեջ` տպավորություն ստեղծելով, թե իրեն նկատելի չէ այն, ինչը նկատելի ու տեսանելի է, նույնիսկ շոշափելիության աստիճանի է տեսանելի ուրիշներին: Անգամ՝ գլխավոր դատախազին, որը դրա մասին այսօր բարձրաձայնեց դատարանում:

Իսկ տեսանելի է, որ մեղադրյալն ու իր պաշտպանական թիմը հստակ տակտիկա են որդեգրել.

ա` ձգձգել դատավարությունը, առանց խտրականության` բոլոր հնարավոր եւ անհնարին եղանակներով:

բ` դատավարությունը որպես ֆոն օգտագործելով` ցուցադրել թվացյալ առավելություն դատարանի նկատմամբ:

գ` հնչեցնել հայտարարություններ, որոնք ենթատեքստային առումով սպառնալիքներ են պարունակում, ընդ որում՝ «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» սկզբունքով: Այսինքն, ոչ միայն կոնկրետ անձի մասին, այլ կոնկրետ անձին հղված խոսքը ուղղված բոլորին, ովքեր կհամարձակվեն մտնել այդ գործի մեջ: Եւ բնական է, որ թիրախում բոլորն են` ոչ միայն մեղադրող կողմը, ոչ միայն դատարանները, այլեւ` ցանկացած մեկը, ով կհամարձակվի խոսել, էլ չասած` ցուցմունք տալ:

Ու բնական հարց է ծագում՝ բա գործընթացի վրա ներազդեցության փորձը էլ ինչպե՞ս է լինում: Ու զարմանալի է, որ այս փորձը չտեսնելու է տալիս նաեւ Վերաքննիչ ատյանի դատավորը եւ թույլ է տալիս, որ մեղադրյալն ու նրա փաստաբաններն ուղիղ եթերում իր հետ այդ տոնով զրույցներ վարեն:

Ի՞նչ է նշանակում դատավորին ուղղված այս դիմելաձեւը. «Բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար» (ոչ թե ապօրինությունների, այլ` արածների, այսինքն, ով այսօր Քոչարյանին մեղադրեց ու նրա դեմ դուրս եկավ, պատասխան է տալու), ի՞նչ ասել է՝  «յախադ թափ տուր» (այսինքն` ձեռքերդ լվա, մի կողմ քաշվիր), քանի որ սա քո «թափի գործ չէ»: Բա ո՞ւմ թափի գործն է: Մի՞թե Հրայր Թովմասյանի:

Յա, իրո՞ք:

Ի վերջո, սա իրավակա՞ն հարց  է, թե` չէ, ու այդ դեպքում կա՞ ավելի թափով մեկը, քան կարող է լինել նախագահող դատավորը, այսինքն, ո՞րն է թափի չափանիշը` դատավորի լավ համբա՞վը «լավ տղերքի» շրջանում, դատավորի լավ ֆինանսական կարողությու՞նը, թե՞ ֆիզիկական պատրաստվածությունը, որ իրեն սպառնացողներին կարողանա բռունցքով նոկաուտի ենթարկել: Իրավական ո՞ր չափանիշով են որոշվում այդ թափն ու կշիռը, ո՞ր օրենսգրքով:

Եթե դատավորը պիտի թափ չունենա, ապա էլ ո՞վ պիտի ունենա: Ի վերջո, սա «ռազբորկա՞» է, թե՞ իրավական պրոցես:

Դա մի կարեւոր գործընթաց է, որտեղ դատավորն ի վերջո պարտավոր է հասկանալ, որ դասականի ասած՝ «չաքուջն էլ է իր ձեռքը, մեխն էլ», եւ պետք է թույլ չտա մեղադրյալի փաստաբաններին գործի քննությունը ձգձգել եւ իր հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով` գործընթացը վերածել թատրոնի: Դատավորը պետք է քաջություն ունենա վերջապես եւ հատկապես՝ զոհերի ծնողների աչքերին նայելուց հետո հասկանա, որ որեւէ մեկը չի կարող իրեն վախեցնել եւ չի վախեցնի, եթե ինքը դա թույլ չտա:

Հ. Գ. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօրվա նիստում խոսեց Քոչարյանի «բոլորը պատասխան են տալու» արտահայտության մասին եւ հույս հայտնեց, որ դատավորը բարոյական եւ հոգեբանական ճնշումների չի ենթարկվի: Նա նաեւ մի այլ կարեւոր փաստ արձանագրեց. այո, բոլորը պատասխան են տալու «իրենց ապօրինությունների» համար, եւ այսօրվա դատավարությունը դրա վառ ապացույցն է: Հիրավի:

Պարգեւ Ապրեսյան