21.06.2019 11:30

Ինչպես է ֆրանսիացի նախարարի դիմակը կրող մարդը միլիոններ գողացել

Ինչպես է ֆրանսիացի նախարարի դիմակը կրող մարդը միլիոններ գողացել

Համարվում է, որ անձնական տվյալների գողությունն այսօր աշխարհում ամենատարածված հանցագործությունն է։ Բազմաթիվ տարբեր սխեմաներ գոյություն ունեն, սակայն այդ բնագավառում իսկական վարպետ են դարձել ֆրանսիացի նախարարի անունից հանդես եկող մարդիկ, որի դերը կատարել է սիլիկոնային դիմակ կրող մեկը։

Երկու տարում չարագործները, օգտագործելով Ժան-Իվ Լը Դրիանի կերպարը, որը Ֆրանսիայի պաշտպանության նախարարն է եղել 2012-2017 թթ․, հափշտակել են մոտավորապես 80 մլն եվրո (առնվազն 90 մլն դոլար)։ Նրանց զոհերի թվում են արքայազն Քարիմ Աղա-Խան IV-ը և «Շատո Մարգո» գինեգործական տնտեսության սեփականատերը։

Չարագործները ստիպել են հավատալ, որ իրենց հետ կապի է դուրս եկել իսկական Լը Դրիանը, որը նրանցից ֆինանսական աջակցություն է խնդրել, իբր՝ Մերձավոր Արևելքում իսլամիստների մոտ գերի ընկած լրագրողներին փրկագնելու համար։ Եվ քանի որ Ֆրանսիան պաշտոնապես փրկագին չի վճարում, կեղծ «Լը Դրիանը» խնդրել է գումարը փոխանցել Չինաստանի բանկ, որպեսզի այն հնարավոր չլինի վերահսկել։

Առայժմ հայտնի չէ, թե ինչու են հանցագործներն ընտրել հենց Լը Դրիանին՝ որպես իրենց սխեմայի գլխավոր հերոս։ Հնարավոր է՝ դրանում դեր է խաղացել այն փաստը, որ որպես պաշտպանության նախարար՝ նա կարող էր պատասխանատու լինել պատանդների համար փրկագին պահանջելու իրավիճակի համար, նաև՝ որ Լը Դրիանը համեմատաբար քիչ հայտնի գործիչ էր։

Փոխանցում է BBC-ն։