21.06.2019 13:27

Արսեն Գրիգորյան. Կդառնա՞ Հրայր Թովմասյանը «Սասնա ծուռ»

Արսեն Գրիգորյան. Կդառնա՞ Հրայր Թովմասյանը «Սասնա ծուռ»

Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ Վահե Գրիգորյանը պիտի բացահայտեր թովմասյանական Սահմանադրության կոմիզմը: Վահեն ընթերցող է, մինչ Հրայրը, պարզվում է, գրող չէ: Մարդը նույնիսկ իր «հավերժության» երաշխիքները չի կարողացել ձեւակերպել: Այսինքն, այնքան «անանձնական» սիրով է լցվել Սերժ Սարգսյանի «անմահությունն» ապահովելու գործին, որ մոռացել է նրանից «երիտասարդություն» խնդրել:

Եվ այսօր նա, ըստ ամենայնի, այլեւս ՍԴ նախագահ չէ: Որովհետեւ 213 հոդվածը նրան արգելում է նույնիսկ ՍԴ ոտք դնել: Իսկ մարդը մինչեւ հիմա աշխատավարձ է ստանում: Ինչպե՞ս է լուծվելու թնջուկը: Պարզ է, որ Թովմասյանի վզից բռնելն ու ՍԴ շենքից դուրս հանելը էթիկական եւ այլ առումներով ողջունելի եւ ընկալելի չէ: Ոչ մի դեպքում: Բայց կա վտանգ, որ այդ մարդը երկու ոտքը կդնի մի կոշիկի մեջ ու կասի, որ ինքը ՍԴ նախագահ է: Թող ասի: Թող նրան ձայնակցեն փաստաբաններ Արա Ղազարյանը, Վարդան Այվազյանը եւ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Բայց թող զգույշ լինեն եւ պետությանը չմղեն սահմանադրական հոդվածի վերամեկնաբանման դաշտ: Ի վերջո՝ ասելով չէ:

Հրայր Թովմասյանը պետք է հեռանա:  Որովհետեւ իր իսկ Սահմանադրության մեջ ոչ մի տող չկա գրած անդամից դատավոր դառնալու սահմանադրական ճանապարհի մասին, անդամն անդամ է, դատավորը՝ դատավոր: Սա նույնիսկ ինձ է հասկանալի: Ես վստահ եմ, որ այս բացթողումը Հրայր Թովմասյանն ավելի ուշ նկատել է, սակայն այլեւս ոչինչ չէր կարող անել, բանը բանից անցել է: Եվ վստահ եմ, որ վերջին մեկ տարում նա սրտի դողով է սպասել այս օրվան, երբ այդ մասին կբացահայտվի: Մարդը մոռացել է անդամին դարձնել դատավոր եւ պահպանել նրա պաշտոնը:

Հրայր Թովմասյանի կողմնակիցներն ասում են, որ նա ՍԴ լեգիտիմ նախագահ է: Իսկապե՞ս: Ո՞ր օրվանից է լեգիտիմությունը չափվում ոչ լեգիտիմության մասին հայտարարություն չանելով: Այսինքն, վերջին 20 տարում բոլոր ինստիտուտները ձեւավորում էին ոչ լեգիտիմ ԱԺ-ի եւ ոչ լեգիտիմ նախագահների ձեռամբ, հանկարծ Հրայրը դարձավ լեգիտի՞մ: Ոչ, ընկերներ: Պարզապես իմաստ չի եղել այդ մասին խոսելու: Հեղափոխությունն այնպիսի իրավիճակ է փոխել, որ վիճարկելի է ոչ միայն Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալը, այլեւ ՍԴ գնալը: Որովհետեւ նա կուսակցությունից է գործուղվել ՍԴ, ոչ թե քաղաքականությունից: Հենց միայն այս փաստը նրան ոչ լեգիտիմ է դարձնում: Վահեն կուսակցությունից չի գործուղվել, նրան պաշտպանել է կուսակցությունը, Սահմանադրությունը Վահեի՝ ՍԴ դատավոր դառնալու հագով չի կարվել: Սահմանադրությունը Վահեին չի նախատեսել լինել դատարանի դատավոր, իսկ Հրայրին նախատեսել էր:

Էնքան կպնելու տեղ կա, որ ճիշտը Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնակատարի աթոռին գտնվելը շնորհավորելն է, կարելի է նաեւ ավելացնել, որ նոր հասարակական-քաղաքական իրավիճակում «հույս ունենք, որ նախկին փաստաբանը կլինի պետության պաշտպանը»: Եթե այս ամենը Հրայրը չի անելու, սահմանադրական ճգնաժամն ապահովված է, սա կլինի նոր «սասնածռություն» պետության գլխավոր իրավական կառույցի նկատմամբ: Չէի ուզենա մտածել, որ պարոն Թովմասյանն ամեն օր ՍԴ շենք է մտնում հին Հայաստանով եւ չի հասկանում, թե որն է հոգեպես ավելի ազնիվ: