21.06.2019 17:36

Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարում մնացել են Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը

Բրիտանիայի ղեկավարի պաշտոնի համար պայքարում մնացել են Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը

Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության վերջնագիծ են դուրս եկել արտաքին գործերի նախկին և գործող նախարարներ Բորիս Ջոնսոնը և Ջերեմի Հանթը։

Հինգշաբթի օրը՝ քվեարկության վերջին փուլում,  թորի պատգամավորների խորհրդարանական խմբակցությունը պայքարից դուրս է թողել Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ 2016 թ․ հանրաքվեից առաջ Բորիս Ջոնսոնի նախկին զինակից, շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվին, որը Ջերեմի Հանթին զիջել է ընդամենը 2 ձայն՝ 75՝ ընդդեմ 77-ի։

Բորիս Ջոնսոնն ստացել է 160 ձայն։ Պահպանողական կուսակցության առաջնորդի և, ըստ էության՝ երկրի վարչապետի եզրափակիչ փուլում քվեարկել է միայն թորիների խորհրդարանական խմբակցությունը, որն ունի 313 անդամ։

Այժմ երկու թեկնածուների միջև ընտրությունը պիտի կատարեն կուսակցության բոլոր 160 հազար անդամները, որոնք քվեարկելու են փոստով։

Ընտրություններում հաղթողը վարչապետի պաշտոնում կփոխարինի Թերեզա Մեյին։ Դա, Պահպանողական կուսակցության պլանների համաձայն՝ տեղի կունենա մոտավորապես հունիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում։

Փոխանցում է BBC-ն։