22.06.2019 12:00

ATP Հալլե․ Ֆեդերերը դժվարին պայքարում հաղթեց Բաուտիստա Ագուտին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

ATP Հալլե․ Ֆեդերերը դժվարին պայքարում հաղթեց Բաուտիստա Ագուտին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Գերմանիայում շարունակվում է ATP 500 շարքի Հալլեի մրցաշարը։ Այսօր կայացել են քառորդ եզրափակչի հանդիպումները։ 

Մրցաշարի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը երեք սեթում դժվարին պայքարում առավելության հասավ իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտի նկատմամբ 6-3, 4-6, 6-4 հաշվով։ Հանդիպման առաջին սեթը հեշտությամբ տրվեց շվեյցարացի թենիսիստին, մինչդեռ երկրորդ սեթում Ռոջերը բազմաթիվ խնդիրներ ունեցավ և պարտվելով սեփական մատուցման գեյմերից մեկը՝ զիջեց սեթը։ Երրորդ սեթի վերջնամասում Ֆեդերերը կարողացավ վերցնել Բաուտիստա Ագուտի մատուցումը և միանգամից հաղթել խաղը։ 

Ռոջեր Ֆեդերերը ռեկորդային 15-րդ անգամ անընդմեջ դուրս եկավ Հալլեի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հաջորդիվ Ռոջերը մրցելու է Պիեր Էրբերտի հետ։ 

Եզրափակչի մյուս ուղեգիրը վիճարկելու են Դավիդ Գոֆենը և Մատեո Բերետինին։ Վերջինս պայքարից դուրս էր թողել Կարեն Խաչանովին։