24.06.2019 13:41

«Մարտի 1-ին մեզ բանտեր ուղարկած դատավորները մերժում են վերանայել գործերը». Forrights

«Մարտի 1-ին մեզ բանտեր ուղարկած դատավորները մերժում են վերանայել գործերը». Forrights

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը վերջերս մերժել է 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրավապահների կողմից խոշտանգված Ռաջու Պետրոսյանի բողոքը, որով վերջինս պահանջում էր վերանայել իր դեմ 2008 թվականի ապրիլի 14-ի վճիռը, որով դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման և արդարացնել իրեն՝ ՄԻԵԴ վճռի հիմքով, որով 2008 թվականի Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքը համարվել է խաղաղ: Գրում է forrights.am-ը: 

Խոսքը 2008-ին նույն հոդվածով 6 տարվա դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի ՄԻԵԴ վճռի նախադեպի մասին է, որում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակը եղել է Ազատության հրապարակում խաղաղ հավաքը ցրելը։ Նույն վճռով ՄԻԵԴ-ը փաստել է, որ դիմողի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա։

Մարալիկի բնակիչ 41-ամյա Ռաջու Պետրոսյանը 2008թ. մարտի 1-ի առավոտյան իրավապահների կողմից ծեծի ու խոշտանգման է ենթարկվել նախ Ազատության հրապարակում, հետո՝ ոստիկանական գազելում ու Կենտրոն ոստիկանության բաժանմունքում: Իսկ կալանավորումից հետո Կոշի գաղութում 10 ամսվա բանտարկությունից հետո նրա մոտ ծնկահոդերի խնդիր ու ռևմատոիդ պոլիարթրիտ հիվանդություն է առաջացել, որն այժմ նրան գամել է սայլակին՝ դարձնելով առաջին կարգի հաշմանդամ: Նա վերջերս մեր կայքի միջոցով դիմել էր հանրությանը՝ օգնության ակնկալիքով, քանի որ վիրահատության համար անհրաժեշտ գումարը չունի:

Եթե դատարանը կատարեր ՄԻԵԴ վճիռը և արդարացներ Ռաջու Պետրոսյանին, նա պետությունից փոխհատուցում ստանալու հանարավորություն կունենար՝ առողջությանը պատճառված վնասի համար: 

Մինչդեռ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ քանի որ նա ժամանակին չի բողոքարկել վճիռը և չի դիմել ԵԴ, այլևս չի կարող արդարացվել, և չի կարող համարվել նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձ:

«Այդ օրերին էնպիսի իրավիճակ էր, որ ակնհայտ էր, որ բոլորիս նույն հոդվածով, բռնությամբ բանտեր էին ուղարկում՝ առանց գործի մեջ խորանալու, դրա համար անիմաստ էր բողոքարկելը, պատշաճ չէին քննելու: Ինձ մեկ ոստիկանի ցուցմունքով են դատել, էն դեպքում, որ իրականում ես էի ծանր վնասվածք ստացել: Ակնհայտ էր, որ գործերը համատարած կոծկում էին»,-պարզաբանեց Ռաջու Պետրոսյանը: 

Ուշագրավ է, որ նախկին ցուցարարի դիմումը մերժող Վերաքննիչ դատարանի դատավորներից երկուսը Մարտի մեկի օրերին ցուցարարների հանդեպ մեղադրական վճիռներ կայացրած դատավորներ են: Ռաջու Պետրոսյանի գործը վերանայելու դիմումը քննել են դատավորներ Մհեր Արղամանյանը, Ալեքսանդր Ազարյանը և տիկին Ն. Հովակիմյանը։

Ալեքսանդր Ազարյանը Ռոբերտ Քոչարյանին առաջին անգամ կալաքից ազատած դատավորն է, որը 2008-ին գլխի պատռվածքով հիվանդանոցից դատարան բերված Արամ Բարեղամյանին 6 տարով բանտ էր ուղարկել: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: